Սմարթֆոնների վերալիցքավորման համար քամու գեներատորներով և արևային մարտկոցներով համալրված, ինչպես նաև՝ wi-fi կապի կետերով և «խելացի» հանդերձարաններով լողափեր կհայտնվեն Դուբայում․ հայտնել է Դուբայի Տուրիզմի և առևտրային մարքեթինգի վարչությունը։
Էմիրության քաղաքային իշխանությունները մոդերնիզացիայի են ենթարկում Ումմ-Սուկկեյմ լողափը, որը գտնվում է Բուրջ Ալ Արաբ հյուրանոցի մոտ։ Այդ էլիտար լողափը, որը երբեմն անվանում են «յոթաստղանի», կդառնա Դուբայի առաջին «խելացի» լողափը։
Ումմ-Սուկկեյմի հանդերձարանները, բացի սովորական ծառայությունների համալիրից, կառաջարկեն նաև մուտքի գաղտնաբառով պահախցիկներ։ Դուբայի իշխանությունները նաև աշխատանքներ են տանում լողափում անվճար ինտերնետ հասանելիությունը ապահովելու ուղղությամբ։ Ինտերնետ կայանները, որոնք կունենան արմավենիների տեսք, կկարողանան միաժաանակ կապով ապահովել 50 հանգստացողի 53 մետր շառավղով։ Բացի այդ, դրանք հնարավոր կլինի օգտագործել նաև գաջեթների և հեռախոսների լիցքավորման համար։
Էլեկտրոնային արմավենիները կկարողանան հյուրերին ցուցադրել եղանակի և քաղաքի տեսարժան վայրերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։ Դրանց կլիցքավորվեն արևային մարտկոցներից ցերեկը, իսկ երեկոյան իրենք կլուսավորեն լողափը։