Միասնական վիզա, որը հասանելի կլինի աշխարհի 35 երկրների բնակիչներին, նախատեսում են ներդնել Պարսից Ծոցի վեցը պետությունները՝ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը, Օմանը և Բահրեյնը: Այդպիսով, երկրների իշխանությունները ցանկանում են պարզեցնել զբոսաշրջիկների մուտքը: Մամուլին տված հարցազրույցներից մեկում Քուվեյթի Առևտրի նախարարության զբոսաշրջության նախարարի տեղակալ Սամիր Ալ Ղարիբը նշել է, որ վիզայի միավորման հարցը դիտարկվում է վեցը երկրների նախարարների կողմից: Հարկ է նշել, որ արաբական «շենգենի» ներդրման ծրագրեր Ծոցի երկրները նախկինում էլ են ունեցել, բայց մինչ այժմ դա տեղի չի ունեցել: Նաև հայտնի չէ այն երկրների ցանկը, որոնց բնակիչներին հասանելի կլինի միասնական վիզան: