Հայաստանը սահմանում է առանց վիզայի մուտք Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հվ. Կորեայի քաղաքացիների համար
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի վիզայի
Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Հարավային Կորեայի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 6-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը թույլ կտա նշյալ երկրների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր ժամկետով` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Հրվ․ Կորեայի Հանրապետության հետ, նպաստել այդ երկրների քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին:
Դա, ըստ Հայաստանի կառավարության, ոչ միայն կնպաստի ներգնա զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար։