Սիմֆերոպոլում կբացվի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես

Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում, Ի. Ֆրանկոյի անվան ունիվերսալ գիտական գրադարանում ապրիլի 6-ին կբացվի հայկական հրատարկությունների ցուցահանդես` նվիրված  հայ գրատպության  500-ամյակին: Այդ մասին Analitika.at.ua -ին հայտնել է Ղրիմի հայկական միության փոխնախագահ Վահան Վերմիշյանը:

Նրա խոսքով` ցուցահանդեսում կներկայացվեն բացառիկ հայկական հրատարկություններ, ինչպիսիք են, օրինակ, 1851թ. Կոստանդնուպոլսում հրատարակված «Աստվածաբանական հարցերի մեկնաբանությունը», 1872թ. Երուսաղեմում հրատարակված «Հայ առաքելական եկեղեցու պատմությունը», Թբիլիսիում 1903թ. հրատարկված Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուն եւ այլն:

Բացի այդ, կներկայցվեն XX դարի բացառիկ գրքեր,  Ղրիմի հայկական միության կողմից հրատարակված թերթեր եւ ամսագրեր, հայկական մանրանկարչության պատճեններ եւ այլն:

Միջոցառմանը  նախատեսվում է  Ղրիմի Ինքնավար Հանրապետության  կրթության եւ գիտության, մշակույթի եւ երիտասարդության նախարարների, գիտական շրջանակների, ազգային-մշակութային հանրության, Ղրիմի հայ գրողների միության, Ղրիմի հայ երիտասարդության կոմիտեի անդամների և Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը: / Աղբյուրը` News.am

You might also like