Գիզայի բուրգերը և Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի արձանը պատմության մեջ առաջին անգամ հատուկ լույսերի շնորհիվ կներկվեն կանաչ գույնով: Դա կիրագործվի Սուրբ Պատրիկի օրվա և «Համաշխարհային կանաչապատում» ակցիայի շրջանակում, որը անցկացնում է Tourism Ireland կազմակերպությունը:
Նախկինում այդ ակցիային մասնակցած տեսարժան վայրերից են եղել Դուբայի հանրահայտ առագաստ հյուրանոցը` Burj Al Arab-ը, Սիդնեյի օպերան, Նիագարայի ջրվեժը, Նյու Յորքի Էմփայր սթեյթ բիլդինգ երկնաքերը, Պիզայի աշտարակը և Քեյփթաունի Սեղան լեռը : Նախագծի «նորեկները» Լաս Վեգասի «Բարի գալուստ» տարբերանշանն է, Կոպենհագենի Ջրահարսը, Լոնդոնի HMS Belfast կառույցը, Հյուսթոնի քաղաքապետարանը (Տեխաս), Հորդանանի ցիտադելը և Բոննի միջազգային դպրոցը:
Սուրբ Պատրիկի օրվա նախաշեմին, որը ավանդաբար անցկացվում է մարտի 17-ին, կանաչ գույն կհագնեն նաև բրիտանական քաղաքների` Լոնդոնի, Մանչեսթերի, Գլազգոյի և Բիրմինգհեմի տեսարժան վայրերը, իսկ Տրաֆալգարյան հրապարակում կանցկացվի փառատոն. հայտնում է AsiaTravelTips-ը: 1998 թվականին ստեղծված Tourism Ireland կազմակերպությունը ֆինանսավորվում է Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի կառավարության կողմից և զարգացնում է այդ տարածաշրջանում զբոսաշրջությունը:
Մի քանի տարի առաջ կազմակերպությունը օգնության դիմեց խոշորագույն քաղաքների իշխանություններին, որպեսզի նրանք գովազդեն այդ տուրիստական ուղղությունը իռլանդական ամենահայտնի տոնի` Սուրբ Պատրիկի օրվա միջոցով: Ամեն տարի այդ ակցիային մասնակցում են ավելի շատ քաղաքներ և տեսարժան վայրեր: