Այս տարվա հոկտեմբերի առաջին կեսը Շուշի քաղաքը յուրօրինակ «հարթակ» կլինի արտասահմանից հրավիրված շուրջ երկու տասնյակ արվեստագետների համար, ովքեր կփորձեն իրենց աշխատանքները ներկայացնելուց բացի, շփվել արցախցիների հետ, ծանոթանալ նրանց նիստուկացին, ավանդույթներին։
Արցախի բերդաքաղաքը նախորդ տարի եւս հյուրընկալել էր արտասահմանյան մի խումբ քանդակագործների, ովքեր տեղում ստեղծագործել էին ու արցախցիների դատին ներկայացրել իրենց աշխատանքները։
Այս անգամ եւս նմանօրինակ ձեռնարկի հեղինակը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում բնակվող նկարիչ Հերի Որբերյանն է, ով արդեն մի քանի ամիս է` աշնանը նախատեսվող միջոցառման կազմակերպչական աշխատանքներով է զբաղված։ Այդ նպատակով էր կրկին այցելել Արցախ, որտեղ էլ հանդիպեցինք նրան։
Հերի Որբերյանը Շուշիի արվեստի ծրագրի կազմակերպիչ-տնօրենն է եւ, ինչպես ինքն է հավաստիացնում, եկել է Արցախ` Շուշիում արվեստի փառատոն կազմակերպելու վերջնական թույլտվությունը ստանալու։
«Մեկ տարի առաջ էր, երբ իմ ցուցահանդեսն ունեցա Լոս Անջելեսում։ Բավական հաջողված ցուցահանդես էր։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի մեկ այլ ցուցահանդես կազմակերպել, բայց ոչ անհատական, այլ մի խումբ նկարիչների։ Սկսեցի այդ ուղղությամբ մտածել։ Մի բան հստակ էր, որ այն չպետք է Միացյալ Նահանգներում լինի։ Իմ մտքում իսկույն հայտնվեց երկու տարբերակ` Հայաստանում կամ Արցախում»,- պատմում է Հերին, ում հոգում ու սրտում «Ղարաբաղը մի հատուկ տեղ ունի»։
«Երբ արդեն կանգ առա արցախյան տարբերակի վրա, իսկույն Շուշին անցավ մտքովս, դեռ դպրոցական տարիներից գիտեի, որ նախկինում Շուշին մշակութային կենտրոն է եղել, մտածեցի, որ Շուշիից հարմար տեղ չկա։ Ինչո՞ւ, որովհետեւ այս միջոցառումով նպատակ ունեմ ցույց տալու, որ այսօր Շուշին կանգուն է, Արցախը նորմալ զարգացող երկիր է»,- մեզ հետ զրույցում նշեց լոսանջելեսցի արվեստագետը, ով իր նպատակն իրագործելու քայլերը չուշացրեց. դիմեց ԱՄՆ-ում ստեղծագործող իր նկարիչ ընկերներին, այնուհետեւՙ հայաստանյան գործընկերներին։ Բոլորն էլ ոգեւորվեցին եւ առանց վարանելու համաձայնեցին մասնակցել։
«Հողը եւ տեխնոլոգիան» խորագիրը կրող փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-14-ը` Շուշի քաղաքի տարբեր վայրերում, որտեղ շուրջ 20 արվեստագետներ ԱՄՆ-ից, Շվեդիայից, Հայաստանից եւ ԼՂՀ-ից, կփորձեն ոչ միայն իրենց աշխատանքները ներկայացնել, այլ նաեւ ստեղծագործել տեղում։ «Փառատոնի մասնակիցների աշխատանքներով փորձ կարվի հողի պատկանելիության հարցը բարձրացնել, որն իր յուրահատուկ լուծումն է այսօրվա իրականության մեջ ստանում տեխնոլոգիաների միջոցով։ Հենց այս համատեքստում կփորձեն աշխատանքներ ցուցադրել շուրջ 20 հայ արվեստագետները, որոնց մեծամասնությունը նկարիչներ են, երկուսը` լուսանկարիչ, ովքեր Շուշիում արված իրենց լուսանկարները կներկայացնեն Արցախում։
Իսկ ահա Շվեդիայից հրավիրված ռեժիսոր Սյուզան Խարտալյանն էլ կներկայացնի իր` «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը` Ցեղասպանությունից փրկված հայուհիների մասին։ Ռեժիսորի հետ նաեւ երկու տասնյակ պատանիներ կգան Արցախ, ովքեր կնկարահանեն փառատոնի ընթացքը եւ փոքրիկ ֆիլմեր կպատրաստեն։
Հետաքրքրական ներկայացումներից մեկն էլ այդ 14 օրերի ընթացքում կլինի 3-5 մետրանոց վերմակի կարումը` շրջանի կանանց օգնությամբ, որի ավարտին յուրօրինակ ակցիա է լինելու. նախաձեռնության հեղինակը կարված վերմակի տակ քնելու է` ցույց տալով, որ վերջապես տուն է հասել,- ասում է փառատոնի նախաձեռնողը:
Փառատոնի ընթացքում կլինեն նաեւ մշակութային տարբեր միջոցառումներ` համերգային, թատերական, որոնց կմասնակցեն նաեւ տեղացի երգիչներ ու դերասաններ:
Վայրը դեռեւս վերջնականապես չի ընտրվել, ասում է Հերի Որբերյանը. ինքը նախընտրում է այն անցկացնել Ջդրդուզում, քանի որ, ըստ նրա, այն բնականից ամֆիթատրոնի է նմանվում:
Այս ամենը կյանքի կոչելու համար մինչեւ հոկտեմբեր Լոս Անջելեսում դրամահավաքներ կկազմակերպվեն: Հերի Որբերյանն ասում է, որ Արցախի կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, սակայն ինքն այն պնդմանն է, որ այն հաստատ նյութական չպիտի լինի: «Խղճի հարց է»,- ասում է նա` հավաստիացնելով, որ նպատակ ունի նման միջոցառում Արցախում կազմակերպել երկու տարին մեկ: / Աղբյուրը` Yerkir.am, լուսանկարը` EnjoyArmenia.com