2012 թ. Հոկտեմբերի 1-14 Շուշիում մեկնարկելու է ժամանակակից արվեստի անդրանիկ նախագիծը, որին մասնակցելու են շուրջ 20 ժամանակակից արվեստագետներ Հայաստանից և Սփյուռքից, ինչպես նաև կազմակերպվելու է տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն:
Ինչպես հաղորդում է «Շուշի Արթ Փրոջեքթ»-ը, իր տեսակի մեջ սա արցախյան հողում իրականացվող աննախադեպ միջոցառում է: Ծրագրի մեջ ներառվելու են ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են լուսանկարչությունը, բացօթյա պերֆորմանսները, վիդեոարթը, լենդ-արթը, ինստալացիա և այլն: Ծրագրի շրջանակներում անվանի ռեժիսյոր Սյուզան Խարդալյանը վորք-շոփ կանցկացնի տեղի ուսանողների հետ, լուսանկարիչ Գերման Ավագյանը զոհված ազատամարտիկների ընտանիքներին իր նվիրաբերում-ակցիան կիրականացնի, արվեստագետները կաշխատեն Շուշիի նշանավոր պատմամշակութային շենքերի տարածքներում և անմիջապես հողի վրա, տեղի են ունենալու կլոր-սեղան-հանդիպումներ լրագրողների, տեղի և հրավիրյալ արվեստագետների միջև, համերգով է հանդես գալու «Նարեկացի» արվեստի
միության երգչախումբը: Փառատոնն ամբողջությամբ նկարահանվելու է: Նախագծի ավարտից հետո այն ներկայացվելու է Երևանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Շուշիում ստեղծված գործերի մի մասը կնվիրաբերվեն քաղաքին:
Շուշի Արթ Փրոջեքթը (ՇԱՓ) անկախ արտիստական նախաձեռնություն է` ԼՂՀ Շուշի քաղաքում հիմնելու և պարբերաբար կազմակերպելու ժամանակակից արվեստի նախագիծ-փառատոն: Նախագծի կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է համանուն հասարակական կազմակերպությունը:
Հենված լինելով հայկական արտիստական ներուժի վրա (Հայաստան և Սփյուռք)՝ ՇԱՓ-ը միտում ունի ձեռք բերել միջազգային կարգավիճակ` ընդգրկելով և Շուշի հրավիրելով նաև օտարերկրյա արվեստագետների և կազմակերպությունների, կապեր և համագործակցություն հաստատել տեղի և ՀՀ մարզերի արվեստագետների, մշակութային կազմակերպությունների միջև:
ՇԱՓ-ի նպատակներից են ժամանակակից արվեստի միջոցով Շուշիում տարաբնույթ ներդրումներ կատարելը, բացառիկ պատմամշակութային ստրատեգիական նշանակություն ունեցող այս քաղաքի արժևորումը, միջազգային հանրության, զբոսաշրջիկների, արվեստագետների և մշակութային հաստատությունների ուշադրությունն այստեղ հրավիրելը: Նախագծի գլխավոր ուղենիշն է, արծարծելով հանդերձ տեղային խնդիրներ (ինքնության, սոցիալ-քաղաքական, տնտեսական, պատմամշակությաին և այլ)՝ հաղորդակից լինել համաշխարհային գործընթացներին, ձգտել երկխոսության թե´ ներհայկական (ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք), և թե´ միջազգային շրջանակներում: / Աղբյուրը` emedia.am