Sevup. Հանգիստ և աշխատանք սևանի ափին
Sevup Hotel and Co-Working space ծրագիրը «Ձեւափոխի՛ր» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ արժանանալով 10 000 դոլար մրցանակի։
2017թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի զարգացման հիմնադրամն ամփոփեց «Ձեւափոխի՛ր» մրցույթի արդյունքները, որտեղ Sevup Hotel and Co-Working space ծրագիրը զբաղեցրեց երկրորդ տեղը՝ արժանանալով 10 000 դոլար մրցանակի: Ստարտափի հեղինակը The Lab ընկերությունն է, որի նախագծերից է նաեւ հանրությանն արդեն հայտնի Cribby խելացի օրորոցը։ Banks.am-ը զրուցել է Sevup-ի հեղինակների հետ՝ պարզելու համար՝ ինչով է այն առանձնանալու Սեւանի ափին գործող հանգստի մյուս գոտիներից։
Տարածքի ընտրությունը
Նախագծի հեղինակներ Արա Հարությունյանը, Սոնա Հովսեփյանը եւ Սերգեյ Նավասարդյանը Sevup Hotel and Co-Working space-ը նախատեսում են կառուցել Փոքր Սեւանի ափին՝ Շորժա գյուղից մոտ 6 կմ հեռավորության վրա։
«Այժմ մեր ընտրած տարածքում անտառ է, սակայն նախագծի իրականացման դեպքում ոչ մի ծառ չի հատվելու։ Մենք նաեւ նախատեսում ենք մաքրել ափերն ու ջուրը, ընդ որում՝ մաքրման աշխատանքներում ընդգրկելով ոչ միայն Sevup հանգստյան գոտու տարածքը, այլեւ հնարավորինս շատ շրջակա տարածքներից»,- ասում է Արա Հարությունյանը:
Հեղինակները ծրագրում են նաեւ հանգստյան գոտում կիրառել միայն արեւային էներգիա։
Կառուցվածքը
Համալիրը զբաղեցնում է 2,5 հա տարածք, որը կազմում են ակտիվ հանգստի մասնաշենքը, հյուրանոցը, co-working տարածքը եւ վիլլաները։
Ըստ նախագծի՝ ակտիվ հանգստի մասնաշենքը կներառի բացօթյա լողավազան, ավտոկայանատեղի, առաջին հարկում կլինի սրճարան եւ բար, իսկ երկրորդ հարկում՝ դեպի լիճը բացվող տեսարանով ռեստորան։
Հյուրանոցի համարները 28-ն են, որից 24-ը նախատեսված են երկու, իսկ 4-ը՝ երեք անձի համար։ Մեկօրյա վճարը կազմում է համապատասխանաբար 20 եւ 35- հազարական դրամ։ Հյուրանոցի որոշ համարները հարմարեցված կլինեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Տարածքում կլինեն նաեւ 5 երկհարկանի վիլլաներ՝ յուրաքանչյուրը նախատեսված 5 անձի համար:
Նախագծի հեղինակներն իրենց հաղթաթուղթը համարում են co-working space-ը՝ համատեղ աշխատանքային տարածք ունենալու գաղափարը։ 50 անձի համար նախագծված մասնաշենքը կունենա գրասենյակային տարածք, առանձնացված աշխատասենյակներ եւ 2 կոնֆերանս դահլիճ։
«Կարելի է ասել՝ co-working space-ը Sevup-ի ամենակարեւոր մասն է, որի օգտագործման համար ունենք երկու տարբերակ։ Մի դեպքում նախատեսում ենք համագործակցել տարբեր կազմակերպությունների հետ եւ ամսավճարով տրամադրել նրանց աշխատավայր, իսկ մյուս դեպքում կարող ենք համագործակցել աշխատանքային տարածք տրամադրող միջազգային կազմակերպությունների հետ, եւ այս պարագայում արդեն իրենք կաշխատեցնեն մասնաշենքն ամբողջ աշխարհի իրենց հաճախորդների համար։ Իսկ թե այս երկուսից որ տարբերակը կընտրենք՝ կախված է ներդրողի որոշումից»,- պարզաբանում է Արա Հարությունյանը։
Հանգստյան գոտում կլինեն նաեւ ջրային եւ ցամաքային էքստրիմ զվարճանքներ։ Հյուրանոցի ռեստորաններում զբոսաշրջիկներին կներկայացվի հայկական խոհանոցը, կկազմակերպվեն նավով տուրեր դեպի Սեւանավանք։ Նախատեսվում է ունենալ նաեւ հուշանվերների խանութ, որտեղ տեղի արհեստավորները կներկայացնեն իրենց աշխատանքները:
Նախագծի առավելությունները
Արա Հարությունյանի խոսքով՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է $3,5 մլն-ին համարժեք ներդրում, որը, նախնական հաշվարկներով, կվերադարձվի համալիրի գործարկման 4-րդ տարում։ Հեղինակները կատարել են նաեւ շուկայի ուսումնասիրություն եւ վստահ են, որ իրենց առաջարկը մրցակցային է։
Համալիրի կառուցումը կարելի է ավարտել 2 տարում։ Գործարկումից հետո արդեն պարզ կդառնա, թե ներկայացված ճյուղերից որն ընդլայնելու կարիք կլինի:
Հանգստյան գոտու անձնակազմի անդամները մեծամասամբ կլինեն տեղի բնակիչներ, որոնք նախապես կանցնեն վերապատրաստում։ Այս կերպ նախագծի հեղինակները մտադիր են նաեւ կրճատել Գեղարքունիքի մարզի գործազրկության մակարդակը։
Մասնակցությունը «Ձեւափոխի՛ր մրցույթին»
Sevup Hotel and Co-Working space նախագիծը կազմվել է հատուկ Հայաստանի զարգացման հիմնադրամի հայտարարած «Ձեւափոխի´ր» մրցույթի համար, որի նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում։ Ճարտարապետ Արա Հարությունյանը պատմում է, որ Սեւանի ափին նման կառույց նախագծելու գաղափար վաղուց ուներ, եւ մրցույթը հրաշալի հնարավորություն էր այն իրագործելու համար։
Հեղինակները 10 000 դոլար մրցանակը նախատեսում են օգտագործել թիմն ընդլայնելու, շուկան ավելի խորքային ուսումնասիրելու եւ ծրագիրն իդեալական վիճակի հասցնելու համար։
Առաջիկայում նախագծի հեղինակները Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համատեղ կաշխատեն հայեցակարգի վրա՝ այն ներդրողների համար հնարավորինս գրավիչ դարձնելու նպատակով։c
առաջին մրցանակը՝ $15 հազ-ին համարժեք դրամի հավաստագիրը, հանձնվել է «Էկո-տնակները Հայաստանում» ծրագիրը ներկայացնող խմբին, որի նպատակն է զարգացնել Խուստուփից Սանահին եւ Հաղպատի վանքեր տանող, Հայաստանի պատմական եւ բնապատկերային վայրերը կապող զբոսաշրջային ուղին:
«Ձեւափոխի՛ր» մրցույթի Երկրորդ մրցանակը՝ $10 հազ-ին համարժեք դրամի հավաստագիրը, հանձնվել է «ՍեւԱփ հանգստյան գոտի» ծրագիրը ներկայացնող խմբին, որը հեղինակել է Շորժա գյուղից 7 կմ հեռավորության վրա հանգստյան գոտու կառուցման եւ շահագործման հայեցակարգ։
Երրորդ մրցանակը՝ $5 հազ-ին համարժեք դրամի հավաստագիրը, հանձնվել է «Երեւանյան լիճ սմարթ պարկ» համալիրի ծրագիրը ներկայացնող խմբին, որի նպատակն է ստեղծել ժամանցի լայն ընտրություն զբոսաշրջիկների եւ տեղացիների համար։
Գայանե Ենոքյան — Banks.am | Լուսանկարները՝ The Lab-ի