Ամերիկյան ManageGo հարթակը, որն առաջարկում է օնլայն և բջջային հավելվածով բնակարանի վարձակալման ծառայություն, բիթքոյնը ավելացրել է վճարման տարբերակների ցանկում։ Վարձակալման համար կրիպտոարժույթով վճարել կարող են արդեն 2018 թվականի հունվարից։
Ընկերությունը բացատրել է վճարման մեխանիզմը։ Վարձակալը վճարում է բիթքոյնով, իսկ ManageGo ծառայությունը արժույթը փոխարկում է դոլարի։ Քանի որ բիթքոյնը չափազանց անկայուն է, փոխարժեքը կհաշվարկվի այդ պահի գնով․ հայտնում է CNBC-ն։
ManageGo-ի ղեկավարությունը խոստովանում է, որ դեռևս այդ ծառայությունը մեծ պահանջարկ չի վայելում, բայց իրենք վստահ են, որ դա ընդամենը ժամանակի հարց է։ «Մենք ներդնում ենք այս նորարարությունը, որովհետև տեսնում ենք, որ բիթքոյնը ապագայում կդառնա մշտական արժույթ»,-նշել է ManageGo-ի բիզնես ռազմավարության փոխնախագահ Խաիմ Լովենշտայնը։
Լովենշտայնը նշում է, որ տանտերերը արդեն հետաքրքրված են այդ նորարարությամբ։ Նա վստահ է, որ կրիպտոարժույթով վճարման տարբերակը կգրավի նաև վարձակալներին, և նոր միտումը տարածում կգտնի ամբողջ երկրում։
Լովենշտայնի կոլեգաները թերահավատորեն են վերաբերվում բիթքոյնով վճարումներին։ Bozzuto Group ընկերությունում, որը առաջարկում է ավելի քան 70 հազար բնակարանի վարձակալություն ամբողջ ԱՄՆ-ում, նշում են, որ բնավ չեն պլանավորում ներդնել նորաձև վճարման համակարգ։ «Դա համարվում է կեղտոտ հեղինակությամբ սև շուկա»,- մեկնաբանում է ընկերության ներկայացուցիչներից Թոբի Բոզզուտոն։
Բնակարանների սեփականատերերի ամերիկյան ասոցացիայում նշում են, որ բնակարանատերերը շատ զգուշավոր և պահպանողական են։ Նրանք մինչ օրս սովորում են ավանդական արժույթով օնլայն վճարումներին, և չեն ձեռնարկի ոչինչ, քանի դեռ կրիպտոարժույթը տարածում չգտնի ծառայությունների շուկայում ամբողջ աշխարհում․ գրում է Newsru-ն։