Ընտրվել են լավագույն քաղաքները երջանիկ կյանքի համար
Արհեստական ինտելեկտը անվանել է Պերտը, Ռոտերդամն ու Նյու Յորքը կյանքի համար ամենահարմար քաղաքները մոլորակում։ Այդ տվյալները ներկայացնում է աշխարհի խոշորագույն SAS IT-ընկերությունը։
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է գրեթե 150 000 բնակավայրի տվյալներ, որոնք գտնվում են աշխարհի 193 երկրներում։ Արհեստական ինտելեկտը ուսումնասիրել է այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ ռեստորանները, շոփինգը, կյանքի արժեքը, անվտանգությունը, ենթակառուցվածքները, բնությունը, մշակույթը, կրթությունը, կարիերան, առողջությունը, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերում առկա կարծիքները։ Հիմնվելով այդ տվյալների վրա՝ ընկերության փորձագետները կազմել են աշխարհի ամենահարմարավետ բնակավայրերի վարկանիշային աղյուսակը։
Կյանքի համար լավագույն վայր է ճանաչվել ավստրալիական Պերտ քաղաքի արևմտյան թաղամասը։ Այն առանձնանում է սպորտով զբաղվելու և հանգստի համար հրաշալի հնարավորություններով։ Այստեղ կա 19 լողափ, որի շնորհիվ թաղամասը պոպուլյար է սերֆինգիստների շրջանում։ Բացի այդ, Արևմտյան Պերտը ճանաչվել է ամենաարևային վայրն աշխարհում․ արևն այստեղ շողում է տարեկան 3 200 ժամ։ Բացի այդ, քաղաքում գործում է հասարակական տրանսպորտի անվճար համակարգ, որը թույլ է տալիս բնակիչներին արագ տեղաշարժվել քաղաքում։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում արհեստական ինտելեկտը տեղակայել է Ռոտերդամի Ֆեյենոորդ թաղամասը։Հոլանդական այս քաղաքը մեծությամբ երկրորդն է երկրում, իսկ այստեղ գտնվող նավահանգիստը խոշորագույններից մեկն է աշխարհում։ Նրա տեսարժան վայրերից են 185-մետրանոց Եվրոմատչուն, Խորանարդ տները, Բոյմանսի թանգարանն ու կենդանաբանական այգին։
Թոփ-7-ում հայտնվել են նաև Նյու Յորքը, Ավստրալիայի Սանդի Բեյը, բրիտանական Հեբդեն Բրիջը, Ցյուրիխն ու ԱՄՆ-ի Վուդինվիլը։ Ինչպես նշել են SAS-ի փորձագետները՝ այդ վարկանիշային աղյուսակում հնարավորինս բացառված է սուբյեկտիվ գործոնը, որը այս կամ այն կերպ ազդում է փորձագետների գնահատականի վրա։ Չէ որ յուրաքանչյուր ոք տեղ է տալիս սեփական նախապատվություններին, իսկ սարքը ղեկավարվում է բացառապես մաթեմատիկական մեթոդներով։