Հայ զբոսաշրջության խնդրով մտահոգված, հուշարձանների վերկանգնմամբ ու պահպանմամբ զբաղվող ճարտարապետ Գագիկ Սողոմոնյանը առաջարկում է Հաղպատում ստեղծել Սայաթ-Նովայի անվան երգի միջազգային փառատոն:
“Փառատոնը հայաստանյան տուրիզմի լավագույն պրոպագանդան կլինի”,- հավաստիացնում է Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահը:
Համաշխարհային ժամանակակից հասարակությունը անըդմեջ ուշադրության է արժանացնում իր մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգմանը: Բոլոր քաղաքակիրթ երկրները բացի հուշարձանների վերականգնումից, տրամադրում են նաև որոշակի ֆինանս մշակութային հուշակոթողների պրոպագանդմանը` հնարավոր տարբեր ծրագրերի իրականացման միջոցով:
Հայաստանն աշխարհում մշակութային ամենամեծ ժառանգություն ունեցող երկրներից է, սակայն հուշակոթողներին ամենաքիչ ուշադրության արժանացնողը:
“Սայաթ- Նովան հայ ազգին հսկայական ժառանգություն է թողել, ինչու չկիրառել այդ ժառանգությունը, չբարձրաձայնել աշխարհին այդ մասին: Այլ` ոչինչ չներկայացնող ազգեր ամեն հնարավորն անում են` իրենց երկիրը զբոսաշրջիկների ուշադրությանն արժանացնելու համար, իսկ մե՞նք, մենք ոչինչ չենք անում”,- ցավով նշում է ճարտարագետը:
Տեղեկացնենք, որ Հաղպատի վանքը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Հաղպատ անունը ստուգաբանվում է որպես ամուր պատ, այն կապվում է նաև հաղբ` որոգայթ, ծուղակ բառի հետ: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: 18-րդ դարում կրոնավորի սքեմի տակ այստեղ էր ապրում եւ ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան:
18-րդ դարի երկրորդ կեսին Հաղպատում անցկացվում էին գուսանական մրցույթներ տարածաշրջանի գուսանների մասնակցությամբ:
Ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ Սայաթ-Նովայի (Արութին, Հարություն, 1712, 1717 կամ 1722, Թիֆլիս –1795, Թիֆլիս) մանկությունն ու պատանեկությունն անցել Է Թիֆլիսում, ուր սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբական այբուբենը:
Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք մնացել են բանահյուսական զանազան ժողովածուներում կամ ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։ Հայերեն են թարգմանված Սայաթ-Նովայի վրացերեն բոլոր երգերը:
Սայաթ-Նովան մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի զարգացման գործում, ով հեղաշրջում է կատարել XVI դ. ծայր առած աշուղական բանաստեղծության ձևի ու բովանդակության մեջ։
Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած XVIII դ. 2-րդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։
Մարիամ Աթոյան | Trends.am, 09.04.2011