Վերջին հիսուն տարիների ընթացքում ամեն տարի ֆրանսիացի փոքրիկները նամակներ են գրում Ձմեռ պապին և ուղարկում Հյուսիսային բևեռ, բայց նամակներն հասնում են Լիբուռն՝ Ֆրանասիայի հարավում գտնվող փոքրիկ քաղաք, որտեղ գտնվում է Պեղ Նոելի քարտուղարությունը: Մանկական հուզիչ և զվարճալի, երբեմն նաև սպառնալից նամակների հասցեները տարբեր են` «Ձմեռ պապին, Երկնային փողոց, Հյուսիսային բևեռ», «Ձմեռ պապին, Խաղալիքների երկիր», «Ձմեռ պապին, Լապլանդիա»: Բայց Ձմեռ պապին հասցեագրված բոլոր նամակները հասնում են Լիբուռնում գտնվող Ձմեռ պապի քարտուղարություն: 60 քարտուղարները պատասխանում են ստացած բոլոր նամակներին:
Ֆրանսիայի Փոստի տնօրինությունը նշում է, որ սա աշխարհում միակ վայրն է, որտեղ բոլոր մանկական նամակները պատասխան են ստանում: Իսկ այս ամենը սկսվել է անցյալ դարում: Վել լե Ռոզ փոքրիկ քաղաքում ապրում և աշխատում էր մի կին փոստատար, ով ամեն տարի կարդում էր երեխաների նամակները և պատասխանում դրանց: Կնոջ անունը պատմությանը հայտնի չէ, բայց տասը տարի անց՝ 1962 թվականին, Ֆրանսիայի Փոստի տնօրինությունը որոշել է բացել փոստային բաժանմունք, որտեղ կուղարկվեն երկրի բոլոր երեխաների ուղարկած նամակները, իսկ աշխատանքի ընդունված քարտուղարները կպատասխանեն ստացած նամակներին:
Ձմեռ պապի քարտուղարերն ու քարտուղարուհիները հաճույքով մեջբերում են ամենահետաքրքիր նամակները. «Մինչ ես սպասում եմ քո պատասխանին, ինձ խելոք կպահեմ», «Եթե դու կարող ես, Ձմեռ պապ, նվիրիր ինձ այս տարի երկաթգիծ: Բայց եթե չես կարող՝ ոչինչ»: Երբեմն էլ երեխաները փորձում են սպառնալ Պեղ Նոելին. «Նվիրեք ինձ ծովախոզուկ…իսկ եթե չնվիրեք, մեղադրեք ինքներդ Ձեզ»: Աշխարհի ամենաերջանիկ փոստային բաժանմունքը սկսել է իր աշխատանքը: Իսկ ի՞նչ եք դուք ասում, հարգելի լուրջ հորեղբայրներ և մորաքույրներ, ովքեր չեն հավատում հրաշքի գոյությանը: Գուցե հնարավո՞ր է անել այնպես, որ մանկական երազանքները միշտ իրականանա…դրա համար Դուք դեռ բավականին ժամանակ ունեք: