Ryanair-ի բորտուղեկցորդուհին անհաջող կատակ է արել մաֆիայի մասին

Ryanair ավիաընկերության բորտուղեկցորդուհին իրեն արտահայտություն է թույլ տվել, որը շատ է բարկացրել ուղևորներին: Ողջունելով ճանապարհորդներին՝ նա հայտարարել է. «Բարի գալուստ մեր ինքնաթիռ, որը կիրականացնի չվերթ Փարիզից դեպի Բարի՝ Սուրբ Նիկոլայի և մաֆիայի քաղաք»: Իտալական Բարի քաղաքը այն վայրն է, որտեղ պահվում են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի մասունքները: Բացի այդ, այստեղ է գտնվում նաև երկրի առավել ազդեցիկ չորս մաֆիական կլաններից մեկը՝ Sacra Corona Unita-ն:

Հենց այս մասին հիշեցումն է զայրացրել զբոսաշրջիկներին: Նրանք բողոքել են ավիաընկերության ղեկավարությանը: Ադմինիստրացիան ներողություն է խնդրել ուղևորներից՝ նշելով, որ հավանություն չի տալիս բորտուղեկցորդուհու նման մեկնաբանությանը: Ընդ որում, ինչպես հիշեցնում է Huffingtonpost.com-ը, ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ Ryanair-ը գտնվում էր նման մեկ այլ սկանդալի կենտրոնում, այն բանից հետո, ինչ ընկերության ղեկավար Մայքլ  Օ՛Լիրին հաճախորդներին անվանել էր  «բթամիտ» և  «հիմար»՝ նկատի ունենալով, որ նրանք հաճախ չեն կարողանում տպել վայրէջքի կտրոնը:

Հիշեցնենք, որ  Ryanair ավիաընկերությունը  և հատկապես նրա բորտուղեկցորդուհիները  միշտ էլ աչքի են ընկել սկանդալային պատմություններով, ինչպիսիք են, օրինակ, նրանց ներքնազգեստով լուսանկարները, որոնք տեղ են գտել «Ryanair-ի աղջիկներ 2012» օրացույցում, ինչպես նաև՝ ներքնազգեստով ուղեկցորդուհիներով և  «Թեժ գներ, թեժ անձնակազմ» կարգախոսով գովազդային արշավը, որը արգելվեց, քանի որ, ըստ Գովազդի ստանդարտների գերատեսչության, նսեմացնում է կանանց արժանապատվությունը:

You might also like