Իռլանդական Ryanair լոու-քոսթերը, որը հայտնի է տարօրինակ ակցիաներով և անհամար սկանդալներով, կրկին զարմացնում է ուղևորներին: Այս անգամ ավիափոխադրողը ցանկանում է կանգնած տեղեր հատկացնել ինքնաթիռում: Դրա համար, ինչպես վստահեցնում է ընկերության տնօրեն Մայքլ Օ՛Լիրին, ուղևորները ստիպված կլինեն վճարել կես եվրոյից ոչ ավել: Այս համարձակ գաղափարի իրականացմանը «խանգարում են» եվրոպական անվտանգության կանոնները:
Ուղևորները պետք է անվտանգության գոտիներով ամրացված լինեն, որպեսզի ալեկոծման գոտում տատանումների ժամանակ վնասվածքներ չստանան: Բայց Ryanair-ը այդ մասին լսել անգամ չի ուզում: «Մեր երթուղային ցանցում չկա ուժեղ ալեկոծման գոտի»,–վիճում է Օ՛Լիրին,–Մենք միշտ փափուկ վայրէջք ենք կատարում, և եթե ուղևորները բռնեն բռնակներից, ամեն ինչ լավ կլինի»: Մինչ ճանապարհորդները արտահայտում են իրենց վրդովմունքը, գործարարը հուսով է, որ հանուն Ryanair-ի Եվրոպան կվերանայի անվտանգության կանոնները:
Այդ ժամանակ ինքնաթիռի սրահներից կհեռացվեն վերջին նստատեղերը և այնտեղ կամրացվեն բռնակներ, որոնցից էլ հենց ուղևորները կբռնվեն թռիչքի ընթացքում: Ryanair-ի անհեթեթ «նորարարությունները» արդեն վաղուց բարկացնում են զբոսաշրջիկներին: Այդ պատճառով եվրոպացիները իռլանդական դիսքաունթերին առաջին տեղն են հատկացրել ամենաչսիրված ավիաընկերությունների ցանկում: