Momondo.ru ավիատոմսերի փնտրման միջազգային ծառայությունը ուսումնասիրություն է անցկացրել այն թեմայով, թե ինչ ասոցիացիաներ է առաջացնում Ռուսաստանը օտարերկրացիների մոտ ներկա ժամանակում: Հարցմանը մասնակցել են կայքի 1000 օգտվողներ: Պարզվել է, որ 34,3%-ը, մտածելով Ռուսաստանի մասին, պատկերացնում են սառնամանիք, 28,6%-ը հիշել են ռուսական օղու, իսկ 17%-ը խոսել են կանանց գեղեցկության մասին: Չորրորդ տեղն ու 11%-ը կիսել են ձյունը և ռուսական բալետը, հինգերորդ (8,5%) տեղում են հայտնվել եկեղեցու գմբեթները, իսկ վեցերորդ տեղում (4%)` ռուս մարզիկները:
Ընդ որում` հանդիպել են նաև անսովոր պատասխաններ: Օրինակ` ոմն Ջոն Մեծ Բրիտանիայից գրել է. «Ես ասոցացնում եմ Ռուսաստանը տաք բրդե գլխարկների հետ, որոնք ծածկում են ականջները»: Ռեմին Ֆրանսիայից երազում է շրջել տրանսսիբիրյան էքսպրեսով արևմուտքից արևելք: Իսկ ճապոնացի Տոմոկ Կիտամուրան հիշում է տատիկին, բորշչ, ձկնկիթ և շատ թանկարժեք հյուրանոցներ: Դանիացի Նունո Մանուելի համար Ռուսաստանը «փոքր գյուղեր ու մեծ քաղաքներ, Կարմիր հրապարակ, երկարաճիտք կոշիկներ, կիրիլյան այբուբեն, անհավանական մեծ տարածություն Կալինինգրադից մինչև ճապոնական ծով և շատ գաղտնիքներ» է: Իսկ, այ, ամերիկացի Դոնալդը մարտական է տրամադրված. նրա համար Ռուսաստանը ՊԱԿ-ն է և ռուս հետախույզները:
Հարցվածների 77%-ը երբևէ չեն եղել Ռուսաստանում, բայց մեծամասնությունը ցանկություն են հայտնել այնտեղ լինելու: «Անշտապության» գլխավոր պատճառը կարճ ժամկետներով ՌԴ վիզա ստանալու դժվարությունն է, ինչը խանգարում է կազմակերպել ճանապարհորդությունը: Փոխարենը` օտարազգիների 23%-ը, որոնք եղել են Ռուսաստանում, որպես հիմնական ասոցացիաներ անվանել են ռուս ժողովրդի հյուրասիրությունն ու բարությունը, հարուստ պատմությունը, մշակույթը և գեղեցիկ ճարտարապետությունը: