Լաս Վեգասը կարելի է սիրել կամ ատել, բայց անտարբեր լինել նրա նկատմամբ անհնար է: Թեև նրան չսիրելն էլ բավականին դժվար է, չէ որ սա մանկական խաղահրապարակ է, որը երջանկացնում է մեծահասակներին: Բայց նույնիսկ այս խաղահրապարակում խաղում են կանոններով:
Լաս Վեգասի մասին ցանկացած ուղեցույցում կարելի է կարդալ այն մասին, թե ինչ է պետք անել այս քաղաքում և որտեղ այցելել: Մենք կպատմենք ձեզ այն մասին, թե ինչ պետք չէ անել դրամախաղային բիզնեսի մայրաքաղաքում:
Սա զարմանահրաշ քաղաք է, որտեղ կարելի է անել եթե ոչ ամեն ինչ, ապա գոնե շատ բաներ. օգտագործել ալկոհոլ «non-stop» ռեժիմով և «full belly» քանակությամբ, սադրիչ վարք ցուցաբերել, անլուրջ և անպարկեշտ և գուցե նաև դավաճանել: Չէ որ այն ինչ տեղի է ունենում Լաս Վեգասում, մնում է Լաս Վեգասում: Բայց դուք պետք է միշտ հիշեք, որ այս մեծ խաղային ավտոմատը չի ներում սխալները, որոնք ձեզ կարող են գումար արժենալ:
Մի օգտվեք խաղատան բանկոմատներից
Դրա փոխարեն ձեզ լավություն արեք և բերեք ձեզ հետ բավականաչափ կանխիկ գումար կամ գումար հանեք Լաս Վեգաս Սպրիտից հեռու` BofA կամ Chase բանկոմատներից:
Մի հագնվեք բաց
Շատերը Լաս Վեգաս ճանապարհորդությունը ընկալում են որպես հնարավորություն հագնելու բոլոր, մեղմ ասած, անպարկեշտ զգեստները կամ գնելու ինչ-որ բան Forever 21 բուտիկից: Բացի այն, որ դուք հիմար տեսք կունենաք, դուք նաև ձեզ շատ անհարմար կզգաք: Արդյունքում, դուք ստիպված կլինեք շատ խմել, որպեսզի ինչ-որ կերպ հաղթահարեք անհարմարությունը:
Մի կրեք անհարմար կոշիկ
Տասնհինգսանտիմետրանոց բարձրակրունկները կամ իտալական նոր կաշվե մոկասիները ավելի լավ է թողնեք տանը: Լաս Վեգասի գիշերները ոչ միայն երկար են, այլև` շատ հագեցած: Նույնիսկ միայն Venetian-ից Wynn զբոսնելու ընթացքում դուք մեկ անգամ չէ, որ կհայհոյեք այն մուսային, որ դրդեց ձեզ հագնել բարձրակրունկ կամ անհարմար կոշիկներ:
Դրա փոխարեն սահմանափակվեք ինչ-որ հարմար կոշիկով, իսկ ավելի լավ է` այն կոշիկով, որը դուք վաղուց կրում եք: Բացի այդ, այժմ տափակ սանդալները կրկին նորաձև են: Հիշեք, որ կյանքը շքեղություն է, իսկ միակ միջոցը դրանով անցնելու ձեր ոտքերն են: Այնպես որ հոգ տարեք ձեր և ձեր վերջույթների մասին:
Մի ամուսնացեք Սիրո մատուռում
ԱՄՆ-ում ամուսնալուծությունների տոկոսը հասնում է մինչև 40%, և այս տոկոսներից շատերը սկսել են իրենց ամուսնական կյանքը հենց Լաս Վեգասում` ինքնակոչ Էլվիսի «Ես հայտարարում եմ ձեզ ամուսին և կին» բացականչությամբ ոգեշնչված: Իհարկե, եթե դուք դեմ չեք, որ կյանքի այդ կարևոր օրը փչանա ՄաքԴրայվում պատվիրած համբուրգերով կամ տապակայով, ապա Լաս Վեգասի հոսքագիծը ձեր տրամադրության տակ է:
Մի սնվեք էժան ճաշարաններում
Վեգասսյան 11 դոլար արժողությամբ Շվեդական սեղանը` մոտավորապես 50 տեսակ ուտեստներով, հնչում է բավականին լավ, որպեսզի ճիշտ լինի, այդպես չէ՞։ Սոցիալական կայքերից մեկի օգտատերերից մեկը այսպես է արտահայտվել նման վայրի սննդի մասին. «Թվում էր, թե ձվածեղը պատրաստված է ջրից, իսկ դեղնուցը որոշ ժամանակ եղել է աղբամանի մեջ»։ Ընդ որում` նման վայրերում միշտ շատ երեխաներ են լինում, որոնց դուք դժվար թե կարողանաք համատեղել ձեր խումարի հետ։
Մի միացեք համացանցին հյուրանոցի համարում
Վեգասսյան հյուրանոցներում ինտերնետ սակագները, այսպես ասած, գիշատիչ են․ շատ հեշտությամբ դրանք կարող են ձեր երեխաներին թողնել առանց քոլեջի գումարի։ Որպես կանոն, համարից համացանցին միանալու համար դուք պետք է վճարեք մոտավորապես 15 դոլար օրական։ Ընդ որում` ինտերնետի արագությունը սովորաբար այնքան էլ լավ չէ։
Մի խմեք մերսումից առաջ
Իհարկե օրը դայկիրիի գավաթով լողավազանի մոտ անցկացնելու, այնուհետև ՍՊԱ սրահ ուղևորվելու մասին ո՞վ չի երազել։ Սակայն մերսումը հարբած մարդկանց համար նույնն է, ինչ շամփուրը խոզի համար։ Հատուկ դեպքերում դա կարող է հեշտությամբ անցնել սրտի փակ մերսման։
Դրա փոխարեն վայելեք մերսողի նուրբ և ուժեղ ձեռքերը ամեն առավոտյան։ Բայց դա պայմանով, որ նախօրեի երեկույթը ձեզ զոմբի չդարձնի` ենթարկվելով միայն բնազդին։
Մի գնեք «Criss Angel Believe» շոուի տոմսեր
Եթե ձեզ կսկսեն կանչել աճպարար Քրիս Էնջելի շոուին, ապա գտեք ձեր մեջ ուժ հրաժարվելու այդ անհայտ վայրում սուզվելուց: Կարճ ասած` դա այն չէ, ինչին սովոր ենք մենք: Առաջին հերթին` ձեզ ոչ ոք չի վերադարձնի տոմսի գումարը, երկրորդ` չար նապաստակները, որոնք մարմնավորում են բոլոր ժամանակների աճպարարների զոհերին, իրոք սարսափելի են:
Մի ժամանեք օդանավակայան թռիչքից կես ժամ առաջ
Եթե դուք վեգասյան երեկույթների վետերան եք, ապա կարող եք ձեզ նման շքեղություն թույլ տալ: Հակառակ դեպքում` ավելի լավ է հրաժարվել այս գաղափարից. անձնական իրերի ստուգման ժամանակ Լաս վեգասում կարելի է հերթ կանգնել տարիներով: Երբևէ «ՄակԿարան» միջազգային օդանավակայանը ուղևորահոսքով զբաղեցնում էր 14-րդ տեղը աշխարհում` 12 ամսվա ընթացքում սպասարկելով ավելի քան 47 միլիոն մարդու, իսկ դա նշանակում է շուրջ 129 հազար ուղևոր օրական:
Մի թռչեք անքուն գիշերվանից անմիջապես հետո
Պետք չէ մտածել, որ եթե ձեր թռիչքը առավոտյան ութին է, ապա Դուք կարող եք ողջ գիշեր ուրախանալ և քնել ինքնաթիռում: Հավատացեք` չկա ավելի վատ բան քան մարդկանցով լի «ՄակԿարան» օդանավակայանը և խումարը: Ձեզ այդ դեպքում չի օգնի անգամ թթվածնային բարը, որը գտնվում է հարավ-արևմտյան տերմինալում: