Ուրախ գերեզմանատունը, որը գտնվում է Ռումինիայի Մարամուրեշ վարչաշրջանի Սեպինցա գյուղում, հայտնվել է աշխարհի լավագույն վայրերի տասնյակում, որտեղ կարելի է գտնել վերջին հագիստը: Վարկանիշային աղյուսակը ներկայացրել է «L`Express» ֆրանսիական պարբերականը Բոլոր Սրբերի օրվա նախօրեին: Ռումինական գերեզմանատունը աչքի է ընկել նրանով, որ գունավոր տապանաքարերի վրա պատկերված են նաիվ արվեստի ոճի յուրօրինակ նկարներ, ինչպես նաև՝ կան գրական տեքստեր՝ նվիրված հուղարկավորված մարդու կյանքին:
Ներկայումս գերեզմանատունը թանգարան է բաց երկնքի տակ, որը գրավում է մեծ թվով զբոսաշրջիկների: Ուրախ գերեզմանատան գլխավոր տարբերույթունը մյուս գերեզմանատներից կայանում է նրանում, որ այստեղ մահվան գաղափարը ներկայացված է, ոչ թե որպես տխուր իրադարձություն, այլ՝ անցումը ավելի լավ կյանքի: Նման անսովոր գերեզմանատուն ստեղծելու գաղափարը պատկանում է տեղացի փորագրիչ Սթան Յոհան Պետրաշին, ով առաջինը պատրաստեց գունավոր խաչ և նկարազարդեց իր ազգակցի գերեզմանաքարը:
«L`Express»-ի վարկանիշային աղյուսակի առաջին տեղում Պեր Լաշեզն է, որը հայտնի է նաև որպես Արևելյան գերեզմանատուն: Փարիզի ամենամեծ գերեզմանատունը համարվում է աշխարհի ամենամեծ գերեզմանոցային ճարտարապետության թանգարանը: