Փարիզը ամբողջ աշխարհի սիրահար զույգերի ամենասիրելի վայրն է: Նրանք զբոսնում են Սենայի ափով, բարձրանում Էյֆելյան աշտարակ և անպայման իրենց անուններով կողպեք ամրացնում Փարիզի կամուրջներից մեկի վրա: Տեղաբնակները որոշել են վերջ դնել այս գեղեցիկ ավանդույթին. ըստ նրանց՝ տասնյակ հազարավոր կողպեքները կփչացնեն և կաղտոտեն քաղաքը:
Անունները կողպեքների վրա գրելու, այն կամուրջին ամրացնելու և բանալին գետը նետելու սովորությունը ծագել է դեռևս XIX դարում: Բայց այն իսկական բում ապրեց վերջին տարիներին. յուրաքանչյուր զույգ իր պարտք է համարում հավերժ սիրելու երդում տալ Սենայի ափին: Ամենատարածված վայրը Արվեստի կամուրջն է: Զբոսաշրջիկները չեն գիտակցում, որ տասնյակ հազարավոր կողպեքները փչացնում են քաղաքի տեսքը, իսկ բանալիները՝ աղտոտում Սենան:
Սոցիալական ակտիվիստները հանդես են եկել միջնորդությամբ՝ ընդդեմ «սիրո կողպեքների», որը արդեն ստորագրել են հազարավոր քաղաքացիներ: Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները պնդում են, որ իրենք իրավունք չունեն փչացնել այդ ավանդույթը: Հավանական է, որ կամուրջի վրա կառանձնացվեն առանձին հատվածներ կողպեքների համար: