Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում՝ ժամը 17:00-ին, որին կհաջորդի պրեմիերա՝ «Նկարը» ֆրանսիական անիմացիոն ֆիլմը:
Փառատոնի ծրագրերն են՝ Երևանյան պրեմիերա, Մրցույթային ծրագիր, Հայկական ներկապնակ, Մանկական ծրագիր, Շուրջերկրյա ճամփորդ, Անսիի ծրագիր, հատուկ ցուցադրություններ և դասախոսություններ. «Այս տարի առաջին անգամ կմեկնարկի Work-in-Progress ծրագիրը, որը հայ անիմացիոն գործիչին հնարավորություն կտա ներկայացնել իր նոր և անավարտ աշխատանքը և, ինչու ոչ, գտնել ֆինանսավորողի, ով կօգնի ավարտին հասցնել աշխատանք», նշել է Քասունին:
Վրեժ Քասունին տեղեկացրել է նաև, որ աշխարհի ամենամեծ միջազգային անիմացիոն կինոփառատոներից մեկի՝ Անսիի փառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքին այս տարի դարձել է «ՌեԱնիմանիա» փառատոնի միջազգային խորհրդի անդամ:
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանն էլ նշել է, որ «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 4-րդ կինոփառատոնը ունի 6 մրցութային ծրագրեր՝ լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, երաժշտական, հեռուստատեսային/ գովազդ, ինչպես նաև մանկական ընտրություն. «Փառատոնը համագործակցում է նաև Խնկո ապոր գրադարանի հետ, և փառատոնի շրջանակներում այնտեղ կցուցադրվեն մանկական ֆիլմեր»:
Այս տարի փառատոնը հյուրընկալում է անիմատորների Բրազիլիայից, Գերմանիայից և Ռուսաստանից, որոնք տեղական ժյուրիների հետ կորոշեն այս տարվա հաղթող ֆիլմերը: Զուգահեռաբար կանցկացվեն նաև սեմինարներ և վարպետության դասընթացներ: