Նորմանդիայի, Դուբլինի և Քեմբրիջի գերեզմանոցները եվրոպացի զբոսաշրջիկները համարում են շատ հետաքրքիր վայր Եվրոպա այցելելիս. այդպիսի արդյունք է հրապարակել TripAdvisor պորտալը: «Հնագույն գերեզմանոցը մշտապես գրավում է էքսկուրսիա եկած ցանկացած զբոսաշրջիկի: Դա իսկական թանգարան է բաց երկնքի տակ, եզակի վայր, որտեղ խառնված է անցյալը և ներկան: Ոմանք այցելում են գերեզմանոց կրոնական պատճառներով, ոմանք հիանում են ճարտարապետությամբ, ոմանք էլ ցանկանում են տեսնել հայտնի մարդկանց շիրիմները», – նշվում է ուսումնասիրության մեջ:
Զբոսաշրջային առումով առավել գրավիչ գերեզմանոց է ճանաչվել Նորմանդիայի Ամերիկյան գերեզմանոցը (Քոլվիլ-սյուր-Մեր): Դա Եվրոպայի ամենահայտնի հուշահամալիր-գերեզմանոցն է, որտեղ գտնվում է 9.35 հազար ամերիկյան զինվորների գերեզմաններ, ովքեր զոհվել են 1944 թվականի հունիսին Ֆրանսիայի ափամերձ տարածքում: Գերեզմանոցը ցուցադրվել է Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմում:
Երկրորդ տեղում է գտնվում Դուբլինի հյուսիսում գտնվող Glasnevin Cemetery and Memorial գերեզմանոցը, որտեղ էլ իրենց «հանգիստն» են գտել մի քանի իռլանդացի քաղաքական գործիչներ: Երրորդ տեղում է հայտնվել Բրիտանիայի Քեմբրիջի Ամերիկյան գերեզմանոցը: Այդտեղ են թաղված ամերիկացի 3.8 հազար զինվորներ, ովքեր զոհվել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ:
Հաջորդիվ գալիս է ևս մեկ Ամերիկյան գերեզմանոց, բայց արդեն Լյուքսեմբուրգում: Այն ստեղծվել է 1944 թվականի դեկտեմբերին` Արդենի պայքարի ժամանակ. այդտեղ թաղված են ավելի քան 500 ամերիկացի զինվորներ: Նորմանդիայի զինվորական բրիտանական գերեզմանոցը Ֆրանսիայի ամենամեծն է, որտեղ գտնվում է ավելի քան 4.6 հազար բրիտանացի զինվորների շիրիմներ. այն հայտնվել է հինգերորդ հորիզոնականում:
Վեցերորդ տեղը զբաղեցրել է բելգիական Ֆլանդրիի Tyne Cot Cemetery գերեզմանոցը: Յոթերորդը բաժին է հասել Նեապոլի անտիկ II Cimitero delle Fontanelle գերեզմանոցին: Մի ժամանակ այն եղել է հեթանոսական նեկրապոլ, այնուհետև քրիստոնեական գերեզմանոց, իսկ չորս դարերի ընթացքում այստեղ թաղել են նրանք, ովքեր գումար չեն ունեցել թանկարժեք հուշարձանների համար կամ էլ մահացել են համաճարակի հետևանքով:
Ութերորդ տեղում է Միլանի Cimitero Monumentale գերեզմանոցը, որը հետաքրքիր է իր դամբարաններով և քանդակներով, որոնք էլ գերեզմանոցը վերածում են իսկական թանգարանի: Իններորդ և տասներորդ տեղում է հայտնվել Մեծ Բրիտանիայի 1837 թվականին կառուցված Arnos Vale-ն և բելգիական Իմպրեյի Ramparts գերեզմանոցը: