Մեծ Բրտանիայի թագաժառանգ արքայազն Չարլզը «BBC Scotland» շոտլանդական հեռուստաալիքի համար էքսկլյուզիվ կարգով աշխատել է որպես եղանակի տեսության թողարկման վարող: Դա տեղի է ունեցել արքայազնի` Գլազգոյում գտնվող «BBC Scotland»-ի կենտրոնական գրասենյակ այցելության ժամանակ:
Հեռուստաընկերության հաղորդավարը սիրով հադիսատեսին է ներկայացրել «հեռուստաալիքի օդերեւութաբանական թիմի նոր աշխատակցին» եւ խնդրել Արքայազն Չարլզին ներկայացնել եղանակը Շոտլանդիայում:
Արքայազնն այդ պահին բավականին շփոթվել է հեռակառավարման վահանակի աշխատանքին ծանոթանալիս, որի օգնությամբ հաղորդավարները փոխում են ֆոնային պատկերները: Սակայն արագ հասկանալով վահանակի աշխատելու սկզբունքը` նա սկսել է աշխուժորեն կարդալ տեքստը` ընթացքում փոխելով ֆոնային պատկերները:
Լեռնային շրջաններում ձյան առկայության մասին տեքստին հասնելով՝ արքայազնը խոսքի մեջ ասել է. «Գրողը տանի, ո՞վ է գրել այս տեքստը»: Կադրից դուրս գտնվող աշխատակիցները գնահատել են արքայազնի հումորային բացականչությունը եւ ծիծաղել: