Ներքնակների բրիտանական արտադրող Simba Sleep-ը ստեղծել է ինքնաթիռային նստատեղ, որն անվանել է ամենաբարձրտեխնոլոգիականը աշխարհում։ Այդ մասին գրում է Daily Mail պարբերականը՝ հրապարակելով Air-Hybrid-ի տեսանյութը։
Նստատեղը գրեթե ամբողջությամբ շրջապատված է պատերով։ Ցանկության դեպքում այն կարելի է վերածել մահճակալի՝ կարգավորելով թիկնակը։ Այն ունի ջերմության, լույսի, խոնավության և ձայնի սենսորներ և կարող է փոփոխել այդ պարամետրերը ուղևորի հարմարավետ քնի համար։
Նստատեղում, մասնավորապես, առկա է երաժշտական համակարգ, որը կարող է ճանապարհորդներին հեռու պահել շրջապատի աղմուկից։ Նրանց քնելու հարցում օգնելու համար Air-Hybrid-ը կարող է ակտիվացնել լուսային թերապիայի գործառույթը, ինչպես նաև՝ ցողել նյութեր, որոնք օգնում են լիցքաթափվել։
Նստատեղի ստեղծման համար օգտագործվել է հիշողության էֆեկտով փրփուր, որը հնարավորություն է տալիս կրկնել մարդկային մարմնի ձևը։ Ներկայումս Simba Sleep-ը բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ ապրանքը արտադրության մեջ մտցնելու համար։