Կրթված զբոսաշրջիկի համար անխոս մշակութային մինիմումը գոնե մեկ թանգարան այցելելն է ամեն այցելվող երկրից: Բացառություն են կազմում արվեստի էպիկենտրոն համարվող քաղաքները` Փարիզը, Լոնդոնը և Նյու Յորքը, որոնցից յուրաքանչյուրում կա նվազագույնը երեք գլուխգործոցներով լի գանձարան: Որպեսզի օգնենք Ձեզ կողմնորոշվել համաշխարհային մակարդակի բազմաթիվ թանգարանների հարցում, մենք կազմել ենք ամենահետաքրքիր, ճանաչված և արժեքավոր թանգարանների ցանկը` դասակարգելով դրանք ըստ տարեկան այցելությունների: Ընդգծեք նրանք, որտեղ արդեն այցելել եք և ծրագրեք հաջորդ մշակութային արձակուրդը:
Բրիտանական թանգարան, Լոնդոն
Աշխարհի գլխավոր հնագիտական թանգարանը իր հավաքածուի համար պարտական է երբևէ գոյություն ունեցած ամենախոշոր պետության` Բրիտանական կայսրության նվաճումներին: Թալանված հարստության մի մասը Հունաստանը և Եգիպտոսը մինչ այսօր պահանջում են վերադարձնել, իհարկե, ապարդյուն: Մումիաները և սարկաֆագները այստեղ Կահիրեից պակաս չեն, իսկ եգիպտական փարավոնների հսկա արձանները դեռևս երեք հարյուր տարի առաջ մոռացել են կիզիչ արևի մասին և հարմարվել լոնդոնյան մառախուղներին: Հսկա հավաքածուն կայսրության մայրաքաղաք է տեղափոխվել Հնագույն Արևելքից, ինչպես նաև` Ասիայից, Աֆրիկայից և Օվկիանիայից: Գեղանկարներ թանգարանում չկան, բայց կան Միքելանջելոյի, Ռաֆայելի, Ռեմբրանտի, Դա Վինչիի պատճեններն ու գրաֆիկական աշխատանքները և Գոյայի լեգենդար «Պատերազմի սարսափները»: Լինելով ցուցանմուշների տպավորության տակ` այցելուները մոռանում են շուրջը նայել, բայց իզուր. թանգարանի վերանորոգման գործում իր մասնակցությունն է ունեցել նաև Բրիտանիայի գլխավոր ճարտարապետ բարոն Նորման Ֆոստերը: