Երկու աֆրոամերիկացի ուղևոր հայտ են ներկայացրել ընդդեմ US Airways ավիաընկերության՝ մեղադրելով նրան ռասսայական խտրականության մեջ: Մայլզ և ՄակՔրեգ Ուորեն եղբայրների հայտարարության համաձայն՝ անցած տարի իրենք թռչել են Դենվեր-Ֆենիքս երթուղով՝ ունենալով առաջին դասի տոմսեր: US Airways-ի ներկայացուցիչները ջինս և սվիտեր կրող եղբայրներից պահանջել են զգեստափոխվել: Հակառակ դեպքում՝ նրանք ստիպված կլինեին թռչել էկոնոմ դասով:
Եղբայրները ստիպված են եղել իրենց ճանապարհորդական «զգեստապահարանում» փնտրել ավելի պատշաճ հագուստ: Պատկերացրեք, թե որքան մեծ է եղել նրանց զարմանքը, գրում է USA Today-ը, երբ Ուորենները տեսել են, որ առաջին դասի մյուս բոլոր ուղևորները կրում են այն հագուստը, որն իրենց հարմար է, այդ թվում՝ ջինս և սվիտեր: Տուժող կողմի փաստաբանը պնդում է, որ իր հաճախորդների հանդեպ նման վերաբերմունքը ռասսայական խտրականություն է:
Եթե «առաջին դասի հագուստի առումով քաղաքականությունը» իրոք գործեր, ինչպես հայտարարել են US Airways-ի ներկայացուցիչները, նրանք պետք է պահանջեին զգեստափոխվել այդ դասի բոլոր ուղևորներին: Զբոսաշրջիկները իրենց հայտը պատրաստել և ներկայացրել են դատարան՝ պահանջելով բարոյական վնասի հատուցում, հուսալով, որ ավիափոխադրողը խտրականության համար տուգանք կվճարի: Իր հերթին ավիաընկերությունը զարմանքով է ընդունել հայցը՝ հայտարարելով, որ մանրակրկիտ կհետաքննի միջադեպը և կգտնի մեղավորներին: