Եվրոպայում գնալով ավելի հայտնի են դառնում ավտոմատները, որոնք պիցցա են պատրաստում օրվա ցանկացած ժամի: Պիցցամատները առաջարկում են թարմ սնունդ՝ պատրաստված ընդամենը երեք րոպեում: Նոր սարքի հեղինակները հատկապես ընդգծում են, որ իրենց պիցցան հենց պատրաստվում է, ոչ թե տաքացվում պիցցամատներում:
Օրիգինալ սարքերը նախագծել է իտալացի Կլաուդիո Տորգելեն: Սեփականատերը ասում է, որ հաճախորդը ինքը կարող է ընտրել իր նախընտրած պիցցայի բաղադրիչները և հատուկ պատուհանից հետևել, թե ինչպես է այն պատրաստվում:
Ավտոմատը ինքն է խառնում ջուրը և ալյուրը, որից ստացվում է խմորը, այնուհետև ավելացնում է լցոնը՝ հավասար տարածելով այն հացի վրա: Դրանից հետո ուտեստը թխվում է և դրվում ստվարաթղթե արկղում: Կլաուդիո Տորգելեն նշում է, որ նոր բաղադրիչները լցվում են սարքի մեջ ամեն օր, այնպես որ մթերքների թարմությունը երաշխավորված է: