Սանկտ Պետերբուրգի կենտրոնում որոշ ուշացումով բացվել է Էրմիտաժի՝ աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկի պաշտոնական հյուրանոց: Հյուրանոցի ընդունարանում և համարներում կարելի է տեսնել Էրմիտաժի հավաքածուից կահույքի և ճենապակու կրկնօրինակներ: Փայտյա հատակը, լուսավորությունը և գունային լուծումները նույնպես համապատասխանեցրած են ցուցասրահի ինտերիերի հետ:
Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը՝ Էրմիտաժը աշխարհում միակ հյուրանոցն է, որը իրավունք ունի օգտագործել համանուն թանգարանի ապրանքային նշանը լիցենզային պայմանագրի հիման վրա: Հինգաստղանի հյուրանոցը գտնվում է Պրավդա 10 փողոցում՝ Էրմիտաժից 15 րոպե հեռավորության վրա անվճար ավտոբուսով, որը երթուղիներ է իրականացնում այս երկու շինությունների միջև:
Հյուրանոցում կա հատուկ կենտրոն, որտեղ այցելուները կարող են թանգարանի տոմս գնել, ծանոթանալ նոր ժամանակավոր ցուցահանդեսներին, պատկերացում կազմել մշտական հավաքածուի մասին և նույնիսկ ընդգրկվել Էրմիտաժի ընկերների ակումբ: Ներկայումս հյուրանոցում գործում է լոբբի-բարը, շուտով կբացվեն երկու ռեստորան: Սպասվում է սպա սրահի և ֆիթնես կենտրոնի բացումը: Համալիրի տարածքում գործում է Wi-Fi-ով անվճար ինտերնետ կապ:«Էրմիտաժի» երկտեղանոց համարում բնակության արժեքը սկսվում է 75500 դրամից: