Պերուական սևիչեն ճանաչվել է ավելի համեղ, քան ֆրանսիական գորտի տոտիկները
«Աշխարհում առաջատար խոհարարական ուղղություն 2017» անվանակարգում հաղթել է Պերուն։
Պերուն ճանաչվել է լավագույն ուղղությունը գաստրոնոմիական տուրիզմի համար 2017 թվականին։ Հարավամերիկյան երկիրը արժանացել է հեղինակավոր World Travel Awards մրցանակի։
Պերուի հանրապետությունը հաղթանակ է տարել միջազգային զբոսաշրջային World Travel Awards մրցանակաբաշխության «Աշխարհում առաջատար խոհարարական ուղղություն 2017» անվանակարգում։ Փորձագետների կարծիքով՝ պերուական խոհանոցը բոլորից շատ է արժանի զբոսաշրջիկների ուշադրությանը։ Տեղական խոհարարական գլուխգործոցներից հատկապես պոպուլյար են սևիչեն՝ ուտեստ ծովամթերքից և ձկնից՝ մարինացված կծու տաքդեղով, սոխով, սխտորով և լայմով, «Պոլլո ա լյա Բրասսան»՝ քիմիոնով և պղպեղով համեմված սոյայի սոուսում տապակած հավ, Կաուսոն՝ թունա ձկնով, սոխով, կարտոֆիլի խյուսով, լոլիկով, ավոոկադոյով և թարմ համեմով ավանդական նախուտեստ, Անտիկուչոսը՝ տապակած տավարի մսով ուտեստ։
Լավագույն խոհարարական ուղղության կոչման համար պայքարել են 12 նոմինանտ։ Դրանց թվում են եղել Արգենտինան, Ավստրալիան, Չինաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Իտալիան և Ճապոնիան։ Հաղթանակի համար պայքարել են նաև Մալայզիան, Մեքսիկան, Իսպանիան, Թայլանդն ու ԱՄՆ-ն։