Դուբայի միջազգային օդանավակայանի ուղևորները այսուհետ կարող են անձնագրի փոխարեն նախաթռիչքային ստուգման ժամանակ օգտագործել իրենց սմարթֆոնները։ Այդ մասին հայտնում է Gulf News-ը։
Դրա համար նրանց անհրաժեշտ է հեռախոսում ներբեռնել Smart UAE Wallet հավելվածը։ Ծրագիրը պահպանում է անձնագրի կամ այլ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև՝ տեղեկություններ ճանապարհորդի տոմսից։
Դուբայի օդանավակայանից թռչելիս ուղևորը պետք է ներկայացնի սմարթֆոնը այսպես կոչված խելացի մուտքի մոտ, ինչպես նաև՝ սքանավորի մատնահետքը։ Նշվում է, որ նոր համակարգը կնվազեցնի յուրաքանչյուր ուղևորի ստուգման ժամանակը 9-12 վայրկյանով։ Ծառայությունից կարող են օգտվել միայն ԱՄԷ-ի քաղաքացիները։
Նախագիծը կյանքի է կոչվել էմիրության իշխանությունների և Emirates ավիաընկերության համատեղ ջանքերով։ Դեռևս սմարթֆոնը անձնագրի փոխարեն կարելի է կիրառել միայն համար 3 տերմինալում։ Մյուս տերմինալներում այս ծառայությունը հասանելի կդառնա միայն երբ Smart UAE Wallet-ը կսկսի համագործակցել այլ ավիափոխադրողների հետ։
Հետագայում հավելվածը կմշակվի այնպես, որ ԱՄԷ-ի բոլոր քաղաքացիները կարիք չեն ունենա անձնագիր ներկայացնել որևէ պետական հաստատությունում։ Անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը կպահպանվի սմարթֆոնում։