Ապրիլի 5-ին Փարիզի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Բարձերով պայքարի միջազգային օրը: Սա անսովոր և զվարճալի ֆլեշմոբ է, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, միջոցառման մեկնարկից 5-10 րոպե առաջ այստեղ գալն է: 15:00 -ին կհնչի բարձր սուլոց, և հետաքրքիր պայքարը կմեկնարկի:
Այս տարի կազմակերպիչները խնդրել են մասնակիցներին, որ հագնեն հնարավորինս վառ շապիկներ, իսկ ավելի լավ է՝ դիմակահանդեսային հագուստ: Բացի այդ, պետք է հետևել մի քանի կանոնների. բարձը պետք է լինի փափուկ՝ առանց կոշտ տարրերի, հարձակվել կարելի է միայն մասնակիցների վրա և ոչ մի դեպքում՝ հանդիսատեսի կամ լուսանկարիչների:
Մարտադաշտը պետք է սահմանափակվի հրապարակով. դուրս գալ հարակից փողոցներ արգելվում է: Բարձերով մարտը կտևի 45 րոպե, եզրափակիչ սուլոցից հետո բոլորը պետք է ցած դնեն «զենքերը»: Եվ, իհարկե, հավաքեն կուտակված աղբը: Բարձերով պայքարի միջազգային օրը կանցկացվի նաև աշխարհի խոշոր քաղաքներում՝ Լոնդոնում, Նյու Յորքում, Հոնգկոնգում և այլ վայրերում: