Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն փորձում է արգելել հանդիսատեսին լուսանկարների տեղադրումը համացանցում

Լոնդոնի  2012 թվականի Օլիմպիական խաղերի   կազմկոմիտեն   (LOCOG) ընդունում է, որ հանդիսատեսի կողմից լուսանկարների, տեսագրությունների և Օլիմպիադային առնչվող այլ նյութերի տեղադրման արգելքը սոցիալական կայքերում, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և  YouTube-ը, անիրագործելի է: 

 LOCOG-ի տոմսի գնման կանոններում կա կետ, որտեղ ասվում է. «Խաղերի ֆոտո-, վիդեո- և աուդիոձայնագրումները` արված տոմսի տիրոջ կողմից, չեն կարող  օգտագործվել այլ նպատակներով, բացի անձնականից և ընտանեկանից: Տոմսի տերը չի կարող լուսանկարներն ու տեսագրությունը լիցենզավորել, հեռարձակել եթերում, կամ հրապարակվել որևէ տեղ, այդ թվում` սոցիալական ցանցերում և համացանցում առհասարակ»:

Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ն, կազմակերպիչները հասկանում են, որ անհատների կողմից այդ նյութերի համացանցում տեղադրելու արգելքը շատ բարդ խնդիր է: «Մենք ապրում ենք համացանցի աշխարհում և դրա դեմ ոչինչ չենք կարող անել»,- ընդգծել է LOCOG-ի կոմիտեի փոխնախագահը: Նա նաև նշել է, որ կազմակերպիչները միայն ցանկանում են պաշտպանել վճարած ԶԼՄ-ների իրավունքները: Կանոնների պահպանման  համար վերահսկողություն ամեն դեպքում կիրականացվի, բայց փակ, սպորտային հրապարակներում: Հանդիսատեսին, ով կլինի բաց տարածքում և կհետևի, օրինակ, հեծանվավազքին, մարաթոնին և այլն, ղեկավարությունը կթույլատրի լուսանկարել և տեսագրել:

Օլիմպիական խաղեր 2012-ի մամուլի քարտուղարը իր հերթին ասել է, որ կազմակերպիչները հասկանում են հանդիսատեսներին, ովքեր ցանկանում են կիսվել իրենց լուսանկարներով ընկերների հետ, այդ պատճառով չեն ցանկանում խանգարել նրանց: Այդուհանդերձ, մարդիկ, ովքեր փորձելու են գումար վաստակել այդ նյութերով, «պետք է կանգնեցվեն»: Նա նաև նշել է, որ այս մասին հստակեցումը տրվում է տոմսերի բաժանման ժամանակ:

 

You might also like