Հունիսի 22-ից հուլիսի 11-ին Փարիզի փողոցներում կանցկացվի Jouez, je suis a vous (Play Me, I’m Yours) ակցիան․ ֆրանսիական մայրաքաղաքի քսան տարբեր վայրերում կտեղադրվեն դաշնամուրներ, որոնք կարող են նվագել բոլոր ցանկացողները։
Ինչպես հայտնում է Euromag.ru-ն՝ այս տարի գործիքների վրա նախապես կաշխատեն նկարիչներ՝ զարդարելով դրանք վառ գույներով։ Նկարազարդ բոլոր դաշնամուրները կարելի է տեսնել Փարիզի կենդանաբանական այգում անցկացվող ցուցահանդեսին մինչև հունիսի 21-ը։ Այդ օրը այնտեղ կանցկացվի երաժշտական փառատոն, իսկ արդեն հաջորդ առավոտ դաշնամուրները կհայտնվեն քաղաքի փողոցներում։ Ակցիայի ավարտին դաշնամուրները կնվիրեն տարբեր կազմակերպությունների՝ հիվանդանոցների, բանտերի և այլն։