Առաջիկա 12 ամիսների ընթացքում Նյու Յորքի փողոցներում դերասանները կկարդան Շեքսպիրի սոնետները: «Sonnet Project» նախագծին կմասնակցեն ընդհանուր առմամբ 154 ասմունքող: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ նախագծի հեղինակների նպատակն է դրամատուրգի արվեստը հասցնել լայն մասսաներին: Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանների ելույթները կտեսագրվեն և կտեղադրվեն «Sonnet Project»-ի կայքում:
Յուրաքանչյուր հոլովակ կուղեկցվի սոնետի ամբողջական տեքստով և նրան առնչվող մեկնաբանություններով: Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակին, որը կտոնվի 2014 թվականի ապրիլի 23-ին, գաղափարի հեղինակները ծրագրում են տեսահոլովակների դիտումների քանակը հասցնել միլիոնի: Բացի այդ, մեկ տարի հետո ձայնասկավառակներով կթողարկվի ասմունքների ծաղկաքաղը:
Այս փորձին արդեն համաձայնել են մասնակցել այնպիսի դերասաններ, ինչպիսիք են՝Օստին Փենդլթոնը («Փայլուն միտք», «Ուոլ սթրիթ 2»), Լին Կոեն («Սեքսը մեծ քաղաքում», «Մյունխեն»), Քրիս Սարանդոնը («Սուրբ Ծննդյան մղձավանջ», «Արդար դատաստան»), Ջոհաննա Գլիսոնը («Լավ կինը» և «Արևմտյան թև») և Մայքլ Ուրին: Նախագիծը իրականացվում է համացանցի միջոցով հավաքված գումարներով: