Թագավորական հարսանիքի օրը Մեծ Բրիտանիայի փաբերը ավելի երկար կաշխատեն
Հաստատություններում և հասարակական այգիներում ևս հնարավոր կլինի ուղիղ հեռարձակմամբ հետևել արարողությանը․ հայտնում է gazeta.ru-ն։
Մայիսի 19-ին Լոնդոնում տեղի կունենա թագուհի Ելիզավետա II-ի թոռան՝ բրիտանական արքայազն Հարրիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարկլի հարսանիքը։ Ակնկալվում է, որ այդ իրադարձությունը երկիր կբերի մեծ թվով զբոսաշրջիկների, իսկ Վինձորյան ամրոցի հարակից փողոցներում հարսանիքի օրը կհավաքվի ավելի քան հարյուր հազար մարդ։
Մայիսի 19-ին Անգլիայի և Ուելսի փաբերը, որոնք օրենքով փակվում են 23:00-ին, կաշխատեն երկու ժամ ավել, որպեսզի այցելուները կարողանան տոնել արքայական հարսանիքը։ Նման բացառություններ, սովորաբար, արվում են Մեծ Բրիտանիայում կարևոր իրադարձությունների ժամանակ։