Խնձորեսկը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Գորիսի ենթաշրջանում՝ Երևանից 270 կմ հեռավորության վրա:
[adv] Առանձնատներ Հայաստանում` Սաղմոսավան, Արզնի, Նորք Մարաշ և Լուսակերտ համայնքներում: Առանձնատների մասին բոլոր տեղեկությունները այստեղ` www.alanrealestate.am
Սա այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը ենթարկել է իր կամքին և առավելագույնն է վերցրել նրանից: Խնձորեսկի ձորը իր բնական քարե բուրգերով մարդկային երևակայությունը տեղափոխում է այն հեռավոր ժամանակաշրջանը, երբ երկրում ապրում էին հսկաներ:
Խնձորեսկը հայտնի է իր քարանձավային անտիկ կացարաններով, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950-ականները:
Վաղնջական ժամանակներից մարդն ապրել է այստեղ բուրգերում, փորելով արեստական կացարաններ, տնտեսական շինություններ:
Նոր խնձորեսկը կառուցվել է 1950-ական թվականներին։ Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը, 19-րդ դարի վերջին նրա բնակչության թիվը մոտ 4200 էր, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 8300 (շուրջ 1800 տնտեսություն՝ բազմամարդ ընտանիքներով)։ 1913թ. ուներ 27 խանուրթ, 3 ներկատուն, կաշվեգործական արհեստանոցներ, 7 դպրոց։
Խնձորեսկը, ըստ ավանդության, կառուցված լինելով խոր ձորերի մեջ, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, որը հետագա ձևափոխությամբ դարձել է Խնձորեսկ։
Խնձորեսկը նշանավոր է իր պատմական անցյալով։ Այս գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը, իսկ նրա բերդը 1728-30թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը։ 1735թ. այստեղ է եղել Աբրահամ Կրետացի կաթողիկոսը և իր «Պատմության» մեջ նկարագրել է գյուղը։
Տուրիզմը Խնձորեսկում
Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղում տուրիստների հոսքն այնքան մեծ է լինում, որ բնակիչները նույնիսկ դժվարանում են ասել, թե տարեկան քանի զբոսաշրջիկ է այցելում Սյունիքի մարզի այդ անկյունը: Միայն նշում են, որ Գորիսի հյուրանոցները սկսել են քչություն անել զբոսաշրջիկ հյուրերի համար եւ դա է փաստում այն, որ Գորիսում օրեցօր նոր հյուրատներ և հյուրանոցներ են կառուցվում:
Խնձորեսկի ճոպանե կամուրջը
Խնձորեսկում կառուցվել է 160 մ երկարությամբ եւ 1.5 մ լայնությամբ ճոպանե մետաղական կամուրջ, որի բացումը մեծ հանդիսությամբ տեղի է ունեցել 2012թ. հունիսի 9-ին:
Կամուրջի կառուցման նախաձեռնության հեղինակը արմատներով խնձորեսկցի, գորիսաբնակ գործարար Ժորա Ալեքսանյանն է, ում հատկացրած 13 մլն դրամով մեկ տարվա ընթացքում տեղի վարպետների ուժերով կառուցվել եւ արդեն շահագործման է հանձնվել սույն ճոպեանե կամուրջը:
Թեեւ կամուրջը դեռեւս իսկական անվանում չունի, բայց խնձորեսկցիներն այն անվանել են «Ժորայի կամուրջ» եւ համոզված են, որ կառուցված նոր ճոպանե կամուրջն էլ ավելի կխթանի տեղական տուրիզմի զարգացմանը: