Բեռլինում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը կանցկացվի ամենամյա ջազային փառատոն՝ հայտնի արվեստագետների և խմբերի մասնակցությամբ: Հանդիսատեսին կներկայացվի այս երաժշտական ժանրի և՛ ավանդական, և՛ փորձարարական ուղղությունները: Ըստ կազմակերպիչների՝ փառատոնի նպատակը «տարբեր մշակույթների, ոճերի և ինքնաարտահայտման ձևերի միավորումն է»: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ջազային իմպրովիզացիաներին. հայտնում է Газета.Ru-ն: Միջոցառմանը հանդես կգան Trio Ivoire-ն, Քրիստիան Սքոտը, Monika Roscher Bigband-ը, Ջոն Սքոֆիլդը, Միխալ Բրոբլևսկին և այլ վարպետներ: Jazzfest Berlin-ի ծրագիրը նաև ներառում է կինոցուցադրություններ, թեմատիկ բանավեճեր, «Ջազ և պոեզիա» նախագիծը և այլն: Տոմսի արժեքը կախված է ընտրված միջոցառումից. KidsJazzKitchen համերգին մասնակցելու համար, որը նախատեսված է 3-ից 10 տարեկան երեխաների համար, փոքրիկ հանդիսատեսները կվճարեն 3 եվրո, իսկ մեծահասակները՝ 7 եվրո: Իսկ Monika Roscher Bigband-ի և Ջոն Սքոֆիլդի ելույթի գնային միջակայքը 15-ից 55 եվրոն է: