Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:
Ծրագրի շուրջ բանակցություններ են տարվում հնարավոր ներդրողների հետ: Ներդրման ծավալը կազմում է $ 100 մլն:
Ներդրումային ծրագրի մանրամասները Մեդիամաքսը պարզել էˋ զրուցելով վարչության մասնագետ, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանի հետ:
Ծրագրով նախատեսվում է «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնի հետեւի հատվածումˋ Դալմայի այգիներին հարող տարածքում, կառուցել նոր էթնոթաղամաս:
«Կառուցապատվելու է շուրջ 9.2 հա տարածքով եւ 150 հազար քմ ընդհանուր մակերեսով թաղամաս: Այնտեղ ներկայացվելու են Հայաստանի տարբեր շրջանների (Սյունիք, Շիրակ, Լոռի եւ այլն) ազգագրական ոճի ճարտարապետական կառույցներ»,- նշել է ճարտարապետը:
Նախատեսված է մշակել փողոցների այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ներկայացնել գորգագործություն, նկարչություն, հին ձեռագրերի ցուցադրություն: Թաղամասում կլինեն նաեւ թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր:
Ակնկալվում է, որ ծրագիրը դերակատարություն կունենա մշակութային տուրիզմի զարգացման գործում:
Արտավազդ Թարխանյանն ասել է, որ թաղամասի էսքիզների ստեղծմանը մասնակցել են Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի ուսանողները:
Աղբյուրը` Mediamax
Լուսանկարները` Քաղաքաշինության պետական կոմիտե