Փիթեր Ջեկսոնի (Peter Jackson) «The Hobbit» կինոսագայի հերթական մասի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 28-ին Վելինգտոնում (Նոր Զելանդիա): Սակայն «հոբբիթների» երկրպագուները արդեն իսկ հնարավորություն ունեն այցելելու հերոսների գյուղը, որտեղ էլ նկարահանել են ֆիլմի շարունակությունը:
Մինչ ֆիլմի վարձույթ դուրս գալը` զբոսաշրջիկները կարող են այցելել այն վայրերը, որտեղ նկարահանվել է ֆիլմը: Հարկ է նշել, որ Նոր Զելանդիայի զբոսաշրջության գրասենյակը վերջին ժամանակներն ակտիվորեն զարգացնում է «կինոզբոսաշրջությունը», չէ որ հենց այդտեղ են նկարահանել մեկ այլ հանրահայտ «Մատանիների տիրակալը» ֆիլմը, իսկ այդ հրաշալի վայրերը տեսնել ցանկանում են բոլոր զբոսաշրջիկները:
Ահա այսպես կինոմոլները գալով Օկլենդ առաջին հերթին պետք է ուղևորվեն Մաթամաթա (Matamata) ավան` Հոբբիթոն (Hobbiton): Հոբբիթների քաղաքում զբոսաշրջիկներին հրավիրում են էքսկուրսիայի և ցույց են տալիս լիճը, պանդոկը, տները և այլ վայրեր, որոնք ծանոթ են ֆիլմից:
Այնուհետև կինոուղևորությունը կշարունակվի Մորդորում (Mordor)` Տոնգարիրոյի Ազգային պարկում (Tongariro National Park), այդտեղ զբոսաշրջիկները կանցկացնեն 7-8 ժամ` հետազոտելու տեղանքը: Հետո զբոսաշրջիկները Տոնգարիրոյից գնացքով ուղևորվում են նորզելանդական «Հոլիվուդ»` Ռիվենդել, որը տեղակայված է Միրամար (Miramar Peninsula) թերակղզում:
Այստեղ զբոսաշրջիկները կարող են լինել կինոստուդիաներում, ձեռք բերել «հոբբիթների» հուշանվերներ և անգամ հանդիպեն ֆիլմի դերասանների հետ: Կինոշրջագայության վերջին կանգառը լեռնադահուկային առողջարանն է համանուն կղզում` The Remarkables-ում, որտեղ նույնպես տեղի են ունեցել ֆիլմի նկարահանումներ. հայտնում է CNN-ը: