Նյու Յորքում հանդիսատեսը կարող է տեսնել «Բիթլզ» խմբի առաջնորդի ստեղծագործական կյանքի պակաս հայտնի կողմը: Հոկտեմբերի 5-ից 9-ը Սոհո շրջանի «Open House» ցուցասրահում կբացվի «Ջոն Լենոնի գեղարվեստական ստեղծագործությունները» (The Artwork of John Lennon) նկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է հայտնի երաժշտի ծննդյան 72-ամյակին: Այցելուներին կներկայացվի շուրջ 100 նկար, անիմացիա և կոմիքս՝ ստեղծված Լենոնի կողմից 964-1980 թվականներին: Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը երաժշտի այրի Յոկո Օնոն է: Աշխատանքների մի մասը ցուցադրվում է հանրությանը առաջին անգամ:
1957-1960 թվականներին Լենոնը հաճախել է Լիվերպուլի նկարչական դպրոց և մինչև մահը՝ 1980 թվականը, երազում էր ճանաչում ստանալ որպես նկարիչ: Ինչպես հայտնի է՝ «Բիթլների» առաջնորդը նկարում էր պարզ և արագ: Նրա գեղարվեստական ստեղածագործությունների հերոսները նկարված են, որպես կանոն, հասարակ կամ սև մատիտով, իսկ հեղինակի մուսան գալիս էր ուր պատահի՝ պատահական ձեռքի տակ հայտնված ստվարաթղթին, փոստային թղթին, խանութի անդորրագրերին…Ցուցահանդեսի մուտքը անվճար է, բայց նվիրատվությունները խրախուսվում են: Հավաքված գումարը կտրամադրվի բարեգործական կազմակերպություններին մեգապոլիսի անտուններին կամ վատ ապրուստ ունեցողներին տաք ճաշով ապահովելու համար: