Մեծ Բրիտանիայի VisitBritain ազգային զբոսաշրջային կազմակերպությունը ենթադրում է, որ թագուհի Ելիզավետա II-ի թոռ արքայազն Հարրիի հարսանիքը, որը նախատեսված է 2018 թվականի մայիսին, կդառնա իսկական մագնիս աշխարհի զբոսաշրջիկների համար։
Նշանադրության մասին արքայազն Հարրին և նրա հարսնացուն՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարկլը, պաշտոնապես հայտարարել են երկուշաբթի օրը։ Նմանօրինակ արքայական իրադարձությունները ավանդաբար գրավում են զբոսաշրջիկներին, բացի այդ, նրանց ակտիվորեն առաջարկում են նորապսակների նկարներով հուշանվերների մեծ տեսականի, թեմատիկ էքսկուրսիաներ, ռեստորաններում «հարսանեկան ճաշացանկ» և այլն։
Ըստ VisitBritain-ի տվյալների՝ ավելի քան 600 հազար մարդ այցելել է Բուքինգեմյան պալատ 2011 թվականի ամռանը, որպեսզի տեսնի Քեմբրիջի դքսուհու հարսանեկան զգեստը․ դա մոտ 50%-ով ավել է, քան 2010 թվականին ընդունել է արքայական նստավայրը։
Ակնկալվում է, որ Ուելսի արքայազնի փոքր եղբոր հարսանեկան տոնակատարությունների օրերին Լոնդոն կժամանեն մեծ թվով ամերիկացիներ․ վերջին անգամ Բրիտանական Թագավորական ընտանիքի ներկայացուցիչը իր կյանքը կապել է ամերիկուհու հետ շուրջ կես դար առաջ, և այդ որոշումը նրան զրկել է թագից։
Պսակադրությունը կկայանա Վինձորի ամրոցի Սուրբ Գեորգի եկեղեցում։ Այդ եկեղեցում պսակադրվել են նաև Ելիզավետա II թագուհու կրտսեր որդին՝ Էդվարդն, ու Սոֆի Հելեն Ռիս Ջոնսը, ինչպես նաև՝ թագուհու թոռը՝ Պիտեր Ֆիլիպսն, ու Օտեմ Քելլին։