Գորիսի ենթաշրջանի Խնձորեսկ գյուղում տուրիստների հոսքն այնքան մեծ է լինում, որ բնակիչները նույնիսկ դժվարանում են ասել, թե տարեկան քանի զբոսաշրջիկ է այցելում Սյունիքի մարզի այդ անկյունը: Միայն նշում են, որ Գորիսի հյուրանոցները սկսել են քչություն անել զբոսաշրջիկ հյուրերի համար եւ դա է փաստում այն, որ Գորիսում օրեցօր նոր հյուրատներ են կառուցվում:
Խնձորեսկում կառուցվել է 160 մ երկարությամբ եւ 1.5 մ լայնությամբ ճոպանե մետաղական կամուրջ, որի բացումը մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ այսօր: Կամուրջի կառուցման նախաձեռնության հեղինակը արմատներով խնձորեսկցի, գորիսաբնակ գործարար Ժորա Ալեքսանյանն է, ում հատկացրած 13 մլն դրամով մեկ տարվա ընթացքում տեղի վարպետների ուժերով կառուցվել եւ արդեն շահագործման է հանձնվել կամուրջը:
Թեեւ կամուրջը դեռեւս իսկական անվանում չունի, բայց խնձորեսկցիներն այն անվանել են «Ժորայի կամուրջ» եւ համոզված են, որ կառուցված նոր ճոպանե կամուրջն էլ ավելի կխթանի տուրիզմի զարգացմանը:
«Խնձորեսկ տուր» տուրիստական կազմակերպության գլխավոր տնօրեն Ժ. Ալեքսանյանի մեկնաբանությամբ` նպատակ է դրվել հեշտացնել եւ ավելի գայթակղիչ դարձնել զբոսաշրջիկների այցը հին Խնձորեսկից դեպի Մխիթար սպարապետի գերեզմանը` պահպանելով գյուղի պատմական կոլորիտն ու բնության անաղարտությունը: Նախագծի շրջանակներում շուտով կավարտվեն մի քանի ժայռափոր տների, ձիթհանի, թոնրատան, մառանների վերականգնման աշխատանքները, ձորի երկու կողմերում` ճոպանե կամուրջի հարևանությամբ, կգործեն ազգային ոճի հանգստի եւ սննդի օբեկտներ, արհեստանոցներ: «Հին Խնձորեսկի տարածքում զբոսաշջության զարգացման հետագա ծրագրերը ևս խոստումնալի են, մտածում ենք ստեղծել բաց ամֆիթատրոն, անցկացնել տարբեր երկրների ու ժողովուրդների երգի ու արհեստների փառատոններ»,- հավելում են նախագծի պատասխանատուները:
Գորիսի համայնքների միության նախագահ Գրիշա Հարությունյանի խոսքով` կամուրջի շինարարութան ընթացքում բնությանը ոչ մի վնաս չի հասցվել` ձորի մի ազատ տարածքից թռիչք է արվել դեպի հանդիպակաց ձորի մեկ այլ ազատ տարածք: Իսկ հին ժամանակներում կամրջի ներքեւի հատվածում եղել է ժայռե բնական կամուրջ, որը ժամանակի ընթացքում փլվել է: «Զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Հին Խնձորեսկի ձորի մեջ գտնվող 4 եկեղեցիները, որոնցից 3-ը 15-17-րդ դարերի է, իսկ մեկը` ժայռափոր է ու ավելի վաղ շրջանի կառույց», – նշում է Գրիշա Հարությունյանը եւ հավելում, որ կամրջի կառուցումը Սյունիքի մարզում իրականացվող այն նախագծերից մեկն է, որը նպատակ ունի Սյունիքում ավելի զարգացնել զբոսաշրջությունը: / Մերի Սողոմոնյան – Aravot.am