Ինչպես հայտնի է՝ Կոլորադո նահանգը թույլատրել է թեթև թմրանյութերի օգտագործումը ոչ միայն բժշկական նպատակներով 2013 թվականի վերջին։ Նախաձեռնող նախկին փաստաբան Ջոել Շնայդերը ճիշտ ժամանակին կողնորոշվել է փոփոխվող իրողություններում և բացել նահանգում հյուրանոցների ցանց մարիխուանայի սիրահարների համար։
Bud&Breakfast անունը կրող առաջին հյուրանոցը բացվել է Դենվերում՝ նահանգի խոշոր քաղաքներից մեկում, 2014 թվականի գարնանը։ 2015 թվականի մայիսին Սիլվերտորն քաղաքում սկսել է գործել ցանցի երկրորդ հյուրանոցը։ Գաղափարի հեղինակը նշել է, որ իր նախագիծը մեծ ժողովրդականություն է վայելում և հյուրանոցում համարներ ամրագրում են զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայից, Նոր Զելանդիայից և Ճապոնիայից։
Հյուրերին դուր են գալիս անսովոր հյուրանոցները, քանի որ նրանք կարող են առաջարկել յուրահատուկ մի բան։ Bud&Breakfast-ում բնակության նվազագույն արժեքը կազմում է օրական 236 USD դոլար։ Հյուրանոցում կարող են մնալ միայն 25 տարեկանից մեծ զբոսաշրջիկները։