Նիդերլանդներ. «Eye» կինոյի թանգարանը դարձել է Ամստերդամի տեսարժան վայրերից մեկը

Ամստերդամում գտնվող Նիդերլանդների Կինոյի ինստիտուտի «Eye» թանգարանի նոր մասնաշենքը, որը բացվել է վերջերս, դարձել է քաղաքի կարևոր  տեսարժան վայրերից մեկը: Ափամերձ թանգարանը ստեղծել են Վիեննայի  Delugan Meissel Associated գրասենյակի ճարտարապետները, ովքեր նաև նախագծել են Շտուտգարտում գտնվող Պորշեի թանգարանի շենքը: Ընդհանուր առմամբ Ամստերչդամի կինոյի թանգարանը հիշեցնում է Շտուտգարտի թանգարանը, բայց, դրանով հանդերձ, այն չի կորցնում իր հմայքը: Կինոյի թանգարանը միայն վայր չէ, որտեղ կարելի է ծանոթանալ կինոմատոգրաֆիայի պատմությանը, այստեղ կարելի է հանգստանալ, նստել սրճարանում և հիանալ քաղաքի պանորամայով:

Թանգարանի շենքում կա երկու կինոսրահ: Բացման օրվանից երկու ամսվա ընթացքում այն ընդունել է 250 հազար այցելուի, որոնցից 100  հազարը այստեղ օգտվել է որևէ ծառայությունից: Այնպես որ, ֆինանսական առումով ևս թանգարանը գտնվում է լավ վիճակում. հայտնում է El Pais-ը: Eye-ը բաց է շաբաթը յոթ օր: Այստեղ ներկայացված է կինոյի ողջ պատմությունը՝ սկսած սև-սպիտակից, մինչև 3D ֆորմատի, հոլիվուդյան, բոլիվուդյան, եվրոպական, արևելյան ֆիլմերը: Այս տարվա ընթացքում թանգարանում կանցկացվի չորս խոշոր ցուցահանդեսներ, որոնցից առաջինը նվիրված է պաշտամունքային ռեժիսոր Սթենլի Կուբրիկին:

You might also like