Նիդերլանդների Թագավորություն (Հոլանդիա)

Երկիրը. Նիդերլանդներ (հոլանդերեն. Nederland ) – Հոլանդիա: Պետություն է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ Երկրի ոչ պաշտոնական անվանումն է Հոլանդիա։

Տես նաև Հոլանդիայի վերաբերյալ վերջին տուրիստական նորությունները >

            

Բնակչությունը` 16.515.057  միլիոն մարդ (2009 թվականի տվյալներով)

Աշխարհագրական դիրքը. Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։ Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անվանումը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41.200 կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,900 կմ² (մակերեսի 18%-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։

Վարչական բաժանումը. Նիդերլանդները վարչականորեն բաժանված է տասներկու մարզերի (պրովինցիաներ), որոնք իրենց հերթին բաժանված են 431 համայնքների ու 27 ջրային միավորների։

Մարզերն են`

  1. Խրոնինգեն
  2. Ֆրիզլանդ
  3. Դրենթե
  4. Օվերեյսել
  5. Ֆլեյվոլանդ
  6. Խելդերլանդ
  7. Ուտրեխտ
  8. Հյուսիսային Հոլանդիա
  9. Հարավային Հոլանդիա
  10. Զեյլանդ
  11. Հյուսիսային Բրաբանտ
  12. Լիմբուրխ

Կառավարման համակարգը. Խորհրդարանը. 1814 թ. ի վեր Նիդերլանդները սահմանադրական միապետություն է։ Երկրի օրենսդիր մարմինը կոչվում է Գլխավոր Շտատներ (հոլանդ. Staten-Generaal)։ Այն բաղկացած է Առաջին և Երկրորդ պալատներից։ Երկրորդ պալատը Նիդերլանդերի ամենաազդեցիկ քաղաքական կառույցն է, օրենքներ ընդունելուց բացի, նրա գործառությունների մեջ է մտնում կառավարության վրա վերահսկողություն կատարելը։ 150 անդմաները ըտրվում են 4 տարի ժամկետով ուղղակի ժողովրդական քվեարկությամբ։ Առաջին պալատը ունի ավելի փոքր քաղաքական ազդեցություն. այն կամ հաստատում կամ բեկանում է Երկրորդ պալատի ընդունած օրինագծերը։ 75 անդամները ընտրվում են 6 տարի ժամկետով մարզերի ինքնակառավարման մարմինների կողմից։ Նիդերլանդները չունի եռակողմ իշխանության ավանդական բաժանում։ Օրենսդրական իշխանությունն իրականացում են Գլխավոր Շտատները, թագուհին և կառավարությունը (նախարարների խորհուրդը) միասին։ Թագավորը. Թագավորը (ներկայում՝ թագուհին) պետության գլուխն է և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։ Թագուհին հաստատում է օրինագծերը, նշանակում է նախարարներին, դատավորներին, մարզային խորհուրդների նախագահներից (որոնք կոչվում են թագուհու կոմիսարներ) և համայնքապետերին։ Նախարարների խորհրդի հետ միասին կազմում է գործադիր իշխանությունը։ Գործադիր իշխանությանը կից որպես խորհրդատվական օրգան գործում է Պետական Խորհուրդը (հոլանդ. Raad van State): Թագավորի սահմանադրական իշխանությունը, սակայն, տարիների ընթացքում գնալով սահմանափակվել է և այժմ ունի ավելի շատ ձևական և ծիսակարգային բնույթ։ Հատկանշական է, որ Նիդերլանդները 1890-ից մինչ այժմ ունեցել է միայն թագուհիներ։ Նիդերլանդերի ներկայիս միապետն է Բեատրիկսը։ Գահաժառանգն է Վիլլեմ-Ալեքսանդր արքայազնը։ Կառավարությունը.Կառավարության ղեկավարն է վարչապետը (այս պահին՝ Մարկ Ռուտե)։ Վարչապետը, նախարարների և պետքարտուղարների հետ, կազմում է կաբինետը։ Երկրորդ պալատի ընտրություններից հետո սովորաբար երկու կամ երեք կուսակցություններ կազմում են կոալիցիա։ Ինչպես կառավարության, այնպես էլ թագուհու և խորհրդարանի նստավայրերը գտնվում են Հաագայում։

Հելանդական մշակույթը (տեսանյութ)

Պետական կրոնը. Վաղ միջնադարից լինելով քրիստոնեա երկիր, այսօր Նիդերլանդներն համարվում է Եվրոպայի ամենաաշխարհիկ երկրներից մեկը։ Որևէ կրոնի չհարող չափահասները 2008-ի տվյալներով 42% են կազմում։ Քրիստոնեաների կեսը կամ ընդհանուր բնակչության 29% կաթոլիկ է, 19%-ը բողոքական է։ Մահմեդականները կազմում են բնակչության 4%-ը։ Տարածված են նաև բուդդայականությունը, հինդուիզմը և հուդայականությունը։

Պետական լեզուն. Պաշտոնական պետական լեզուն հոլանդերենն է և պատկանում է   հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտա-գերմանական լեզվախմբին: Ֆրիզլանդ մարզում նաև պաշտոնական լեզու է ֆրիզերենը։ Ստորին սաքսոներենը և լիմբուրգերենը Եվրամիության կողմից ճանաչված են որպես գավառային լեզուներ։ Հոլանդացիեների մեծ մասը տիրապետում է անգլերենին, գերմաներենին և ֆրանսերենին որպես օտար լեզու։ Հոլանդերեն լեզուն խոսում են ոչ միայն Նիդերլանդներում, այլ նաև Բելգիայում, Սուրինամում, ինչպես նաև Արուբա, Կուրասաո և Սենթ-Մարտեն կղզիներում։ Ըստ աշխարհի լեզուների դասակարգման հոլանդերենը 48-րդն է:

Դրամական միավորը` Եվրո

Կլիման. Կլիման բարեխառն ծովային է, մեղմ ձմեռներով և զով ամառներով։ Կլիմայի վրա ազդեցություն է գործում Հյուսիսային ծովը, որը տարվա բոլոր եղանակներին մեղմում է ջերմաստիճանը։ Արևելյան և հյուսիսարևելյան շրջանները համեմատարաբ ավելի ցուրտ են, քան արևմտյան, հարավարևմտյան և հյուսիսային ծովեզերյա շրջանները։ Նիդերլանդները համարվում է անձրևային երկիր։ Բնորոշ է ամպամած, արագ փոփոխվող, հաճախակի մառախուղներով եղանակը։ Ամենաշատ տեղումները գրանցվում են հյուսիսային, կենտրոնական շրջաններում և Լիմբուրխ մարզի հարավային մասում։

Հոլանդիայի քաղաքները և տեսարժան վայրերը

Քաղաքները. Խոշոր քաղաքներն են Ամստերդամը, Ռոտերդամը, Հաագան, Ուտրեխտը, Էյնդհովենը: Մայրաքաղաքն Ամստերդամն է, իսկ խորհրդարանի և կառավարության նստավայրը՝ Հաագան: Գլխավոր նավահանգիստ Ռոտերդամն աշխարհում ամենամեծն է և Արևմտյան Եվրոպայի ծովային դարպասը: Ամեն տարի Ռոտերդամի նավահանգիստ են ժամանում 30 հզ. ծովային նավեր (նավահանգիստը միաժամանակ կարող է ընդունել 375 նավ): Ցամաքի խորքային շրջանների հետ կապված է Հռենոսի և Մոզելի վրայով անցնող ջրային ուղիներով, երկաթուղային և խճուղային ճանապարհներով, նավթամուղներով:

Ամստերդամը Նիդերլանդների մայրաքաղաքն ու խոշոր քաղաքներից մեկն է: Գտնվում է Ամստել գետի դելտայում, Էյսելմեր (Զյոյդեր Զե) ծոցի մոտ, ջրանցքներով կապված է Հյուսիսային ծովի հետ։  Առաջին անգամ հիշատակվել է 1275-ին։ Անվանումը առաջացել է Amstel գետի անունից և հոլանդերեն damm «ամբարտակ» բառից, այսինքն «Ամստելի ամբարտակ»: Բնակչությունը կազմում է 767.333  մարդ: Ամստերդամը նաև Նիդերլանդների ֆինանսական և մշակութային կենտրոնն է: Մի շարք տեսարժան վայրեր, ինչպիսիք են` Ռեյքսմյուզեումը, Վինսենտ Վան Գոգի թանգարանը, Քաղաքային թանգարանը, Ամստելի Էրմիտաժը, Կարմիր լապտերների փողոցը, ամեն տարի դեպի այս քաղաք են ձգում շուրջ 4.2 միլիոն զբոսաշրջիկի: Այն համարվում է Եվրոպայի ամենատարածված տուրիստական քաղաքներից մեկը: Հյուրանոցների երկու-երրորդը տեղակայված է քաղաքի կենտրոնում: Զբոոսաշրջիկների մեծ մասը  (74%)  այստեղ գալիս են Եվրոպայի այլ երկրներից: Ամստերդամի պատմական կենտրոնը առանձնանում է լավ պահպանված միջնադարյան կառույցների մեծ քանակությամբ` եկեղեցիներ, բնակելի և առևտրային շենքեր: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցը Դամրակն է, որտեղ  տեղակայված են մշակութային կենտրոնները, բազմաթիվ սրճարաններ, արհեստանոցներ և թանգարաններ: Դամրակ և Ռոկին փողոցների խաչմերուկում է գտնվում Դամ հրապարակը: հրապարակի արևմտյան մասում է գտնվում ամենաուշագրավ ճարտարապետական կառույցներից մեկը` Թագավորական Պալատը, որն ավելի քան 200 տարի հանդիսանում է Նիդերլանդների միապետների նստավայրը: Մոտակայքում գտնվում է Մադամ Տյուսոյի թանգարանը: Պալատից դեպի արևելք գտնվում է Ազգային հուշարձանը` կանգնեվցած  1956 թվականին նացիզմի դեմ պայքարում զոհված նիդերլանդցիների հիշատակին: Հրեա ժողովրդի պատմությունը   պատմում է Հրեական պատմության թանգարանը, որը տեղակայված է մայրաքաղաքի նախկին  «Մեծ Սինագոգում»: Հետաքրքիր են նաև Ամստերդամի միջնադարյան աշտարակները: Ամստերդամում շատ են ջրերի վրա «լողացող տները»:  Որպես կանոն, դրանք «Վիքենդ հոմս» են, այսինքն տներ, որտեղ տերերը գալիս են հանգստյան կամ տոն օրերին: Ամստերդամը  երիտասարդության շրջանում  հայտնի է` շնորհիվ իր թեթևակի թմրամոլությամբ, բայց հատուկ հաստատություններում` «կոֆեշոփերում», և De Wallen կարմիր լապտերների փողոցով, որտեղ մարմնավաճառները ցուցադրում են իրենց դուռ-պատուհաններից, որոնք ունեն ցուցափեղկերի տեսք և լուսավորված են կարմիր գույնով: Ամստերդամում է գտնվում Artis Zoo կենդանաբանական այգին: Այստեղ կա ավելի քան 750 տեսակ կենդանի և 300 տեսակ բույս:

Ռոտերդամը  (նիդերլանդերեն Rotterdam) քաղաք և համայնք է Նիդերլանդներում: Տեղակայված է Հարավային Հոլանդիայի նահանգում, Հյուսիսային ծովի Նիեվե-Մաաս գետի գետաբերանին: Բնակչությունը   610.462  մարդ  է (2011 թվականի ապրիլի 29-ի տվյալներով), երկրորդ խոշոր քաղաքն է համարվում Նիդերլանդներում Ամստերդամից հետո: Ռոտերդամի կարգախոսն է Sterker door strijd («Հզորանալ պայքարում»): Ռոտերդամը խոշոր տրանսպորտային հանգույց է (երկաթուղային և ավտոճանապարհային), ունի ծովային  (Հյուսիսային ծովում) և գետային  (Նիեվե-Մաաս գետում ) նավահանգիստներ, օդանավակայան: Ավտոարտադրության կենտրոն է, կան նաև  թանգարաններ, թատրոններ, (օպերաներ և բալետներ, դրամաներ), գրադարաններ:  Ամեն տարի հունվարին քաղաքում անցկացվում է միջազգային կինոփառատոններ: Ռոտերդամի նավահանգիստը Եվրոպայի ամենամեծ նավահանգիստն է համարվում, իսկ 1962 թվականից մինչև  2004 թվականը աշխարհի ամենամեծը (այժմ ամենամեծ նավահանգիստը Շանհայի նավահանգիստն է ): Ռոտերդամում է գտնվում համաշխարհային թանգարանը, խորանարդային տները, եվրոպական կայմը, Էրազմայի կամուրջը: Արևմտյան Եվրոպայի ամենամեծ մզկիթը բացվել է Ռոտերդամում 2010 թվականի  նոյեմբերի 18-ին: Մինարեթի բարձրությունը կազմում է  50 մետր, իսկ կառույցի ներսում միաժամանակ կարող են գտնվել մոտավորապես եերեք հազար մարդ:

Հաագան (նիդերլանդերեն Den Haag) Նիդերլանդների արևմուտքում` Հյուսիսային ծովի ափին,  քաղաք համայնք է, որտեղ գտնվում է նիդերլանդական կառավարության, խորհրդարանի  և Բեատրիքս թագուհու նստավայրերը, ինչպես նաև Հարավային Հոլանդիայի մայրաքաղաքն է: Հաագայում է գտնվում խոշոր միջազգային օրենսդիր մարմինները` ՄԱԿ-ի միջազգային դատարանը, Միջազգային քրեական դատարանը, Միջազգային արբիտրաժային դատարանը և այլն: Հաագան հանդիսանում է Նիդերլանդների երրորդ խոշոր քաղաքը Ամստերդամից և Ռոտերդամից հետո: Բնակչությունը կազմում է   482.742 մարդ  (2008 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով), իսկ տարածքը  98.20 քառ. կմ է: Հաագայի թանգարաններն են` Մաուրիցհեյս  (նիդերլանդերեն  Mauritshuis), ոսկե դարաշրջանի (XVII) հոլանդացի նկարիչների(Վերմեր, Ռեմբրանդ, Պոտտեր և այլոք) ցուցահանդես:  Մունիցիպալ թանգարանը  (Gemeentemuseum) ունի ժամանակակից արվեստների, երաժշտական գործիքների, նորաձևության և Պիտա Մոնդրիանի նկարների մեծ հավաքածուններ:  Էշերաթանգարանում  (Eschermuseum) ներկայացված են նիդերլանդացի նկարիչ Էշերայի գրաֆիկական արվեստը: Պանորամա Մեստագ  (Panorama Mesdag)` պանորամային նկար   14 մետր բարձրությամբ և  120 մետր երկարությամբ, որտեղ պատկերված է XIX հարյուամյակի Սհեվենինգե ձկնորսական գյուղակը: «Քանդակներ ծովի վրա»  թանգարանը (Beelden aan Zee) ներկայացնում է XX դարի քանդակագործությունը: Մուզեոն  (Museon)` կրթական թանգարան` գիտության և էթնոլոգիայի մասին ցուցանմուշներով: Մադյուրոդամ  (Madurodam)` թանգարան բաց երկնքի տակ Նիդերլանդների տեսարժան վայրերի մանրակերտներով:  Փառատոնները. «HaSchiBa»` մուլտիմշակութային փառատոն (օգոստոսին), «Pasar Malam Besar»` ինդոնեզիական փառատոն և տոնավաճառ (հունիսին), մինչև  2005 թվականը Հաագայում ամեն տարի անցկացվում էր Հյուսիսային ծովի  ջազային փառատոն (North Sea Jazzfestival), իսկ  2006 թվականին փառատոնը կազմակերպվում է նաև Ռոտերդամում:

Մշակույթը. Հոլանդիան հարուստ մշակույթով երկիր է, աչքի է ընկնում գիտական, առողջապահական, կրթական զարգացած համակարգով: Համաշխարհային ճանաչում ունեն գեղանկարիչներ Ռեմբրանդը, Վան Էյքը, Վան Գոգը, Վան Դեյքը, Կարել Ֆաբրիցիուսը, Պիտեր Բրեյգելը, Հերոնիմոս Բոսխը, հումանիստ-գիտնական Էրազմ Ռոտերդամցին, ժամանակակիցներից` կինոռեժիսոր Գեռիտ վան Դեյքը, ճարտարապետ Մատիս Բոուն և ուրիշներ: Հոլանդացի բանաստեղծ և դրամատուրգ Յոստ վան դեն Վոնդելի «Լյուցիֆեր» ողբերգությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Մեծ է Նիդեռլանդների ներդրումը աշխարհագրության և քարտեզագրության բնագավառում՝ ի դեմս Վիլեմ Բարենցի և Աբել Թասմանի: Հոլանդիայում են ստեղծվել առաջին ոսպնյակներն ու մանրադիտակները:

Արվեստը. Նիդերլանդները աշխարհին հայտնի է բազմաթիվ գեղանկարիչներով։ Գեղանկարչությունը հատկապես ծաղկում է ապրել «Ոսկե դարում» (1609-1672 թթ.)։ Այս շրջանի Հոլանդական դպրոցի ամենահայտնի վարպետներից են Ռեմբրանդտ վան Ռայնը, Յան Վերմեերը, Ֆրանս Հալսը, Յան Ստեյնը և այլոք։ 19-րդ դարի գեղանկարիչներից ամենահայտնին է պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։ 20-րդ դարի աբստրակցիոնիստ էր Պիտ Մոնդրիանը, ով գլխավորել է «Դե Ստայլ» կոչվող գեղարվեստական շարժումը։ 1948 թ. հիմնվել է «Կոբրա» արվեստի միությունը, որը միավորել է մոդեռնիզմի ներկայացուցիչներ Եվրոպայի տարբեր երկրներից։ «Կոբրայի» անդամներ Կարել Ապելը և Կորնելիս Բևերլուն ավանգարդ արվեստի կարևոր ներկայացուցիչներ էին Նիդերլանդներում։ 20-րդ դարի մեկ այլ հոլանդացի արվեստագետ՝ Մաուրից Էշխերը հայտնի է տեսողական պատրանքներ ստեղծող իր նկարներով։

Գրականությունը. Նախքան 17-րդ դարը, հոլանդական գրականությունը ստեղծվում էր տարբեր բառբառների վրա հիմնված գրական լեզուներով, հաճախ էլ լատիներենով (ինչպես օրինակ Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարության» երգիծանքը)։ 17-րդ դարում գործածական է դառնում մեկ ընդհանուր գրական լեզուն։ Այս շրջանի հայտնի գրողներ են Պիտեր Կորնելիսզոնը և Յան վան դեն Վոնդելը։ Վերջինիս «Լուցիֆեր» ողբերգությունը (1654 թ.) համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ 19-րդ դարի գրող Մուլտատուլիի «Մաքս Հավելար» ստեղծագործությունը քննադատում է Ինդենեզիայում հոլադական գաղութակալությունը։ 1940-1942 թթ. գրված Աննա Ֆրանկի հանրահայտ օրագրությունը նկարագրում է համաշխարհային պատերազմի ընթացքում հրեա ընտանիքի թաքստոցում անց կացրած երկու տարիները։ Հետպատերազմյան գրականության դասականներ են համարվում Ֆրեդերիկ Հերմանսը, Հարի Մուլիշը և Խերարդ Ռևեն։

Ճարտարապետությունը. Միջնադարյան ճարտարապետական հուշարձաններից են Ամստերդամի, Կամպենի, Զվոլեի պարիսպները, աշտարակները և տները, Հաագայի թագավորական դղյակը, Ուտրեխտի, Հառլեմի, Լայդենի, Դելֆտի գոթական տաճարները։ Քարի սակավության պատճառով հոլանդական ճարտարապետությունում գերակշռում են աղյուսե փոքր շինությունները։ Ամստերդամ քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ արտացոլում է 17-րդ դարի հոլանդական ճարտարապետությունը։ 20-րդ դարի ճարտարապետությունը աչքի է ընկնում ավանգարդ ոճով և նոր ճարտարապետական ձևերի որոնումով։

Կինոն. 19-րդ դարի ավարտից նկարահանվել են վավերագրական ֆիլմեր, իսկ 1910-ից նաև գեղարվեստական։ Դարակեսից հետո թողարկված ֆիլմերից են «Շեփորանվագ» կատակերգությունը (1958 թ.) և «Բոլորը» (1963 թ.) փաստագեղարվեստական ֆիլմը։ 70-ական թվականներից սկսած մեծ ժողովրադականություն են վայելել Պաուլ Վերհուվենի և Դիկ Մասի ֆիլմերը։ «Հարձակում», «Անոտնիայի շառավիղը» և «Խառնվածք» ֆիլմերը տարբեր տարիներին արժանացել են Օսկար մրցանակի։

Մամուլը. Կարևոր օրաթերթերից են «De Telegraaf», «Algemeen Dagblad», «De Volkskrant», «NRC Handelsblad» և «Trouw» պարբերականները։ Հանրաճանաչ շաբաթաթերթեր են «Elsevier», «HP/De Tijd», «Vrij Nederland» և «De Groene Amsterdammer»։ Գործում են չորս հանրային («Nederland 1», «Nederland 2» և «Nederland 3», և «BVN») և մի շարք կոմերցիոն («RTL», «SBS» և այլ) հեռուստահեռարձակողներ։ Հանրահայտ ռադիոհեռարձակողներից են «Radio 1», «Radio 2», «3FM» հանրային և «Radio 538», «Sky Radio», «Q-music» կոմերցիոն ռադիոընկերությունները։

Ավանդույթները. Նիդերլանդում, որպես ավանդույթ կամ կյանքի հիմնական կենտրոն, համարվում է ընտանիքը: Սովորաբար դա մի տուփ է, ուր տեղ են գտել ամուսինները, երեխաները և նրանց բարեկամները: Նրանց համար հատկապես կարևոր է սերնդեսերունդ ավանդույթների փոխանցումը: Բնակիչները նախընտրում են իրենց հանգիստը վայելել ընտանիքի հետ: Լայնորեն տարածված են քրիստոնեական և ազգային տոները:

Ազգային խոհանոցը. Հոլանդական ավանդական կերակրատեսակները հատկապես բնորոշել են անցյալի գյուղատնտեսական կյանքը։ Տիպիկ հոլանդական ճաշը հիմնականում պատրաստված է կարտոֆիլից, բանջարեղենից և մսից։ Ազգային խոհանոցը հայտնի է ծովամթերքների առատությամբ: Ճանաչված ուտեստներից են «հարինգը», «մաչեսը», «հոտպոտը» և այլ ուտեստներ: Երկրում հիանալի են պատրոստում լիկյորը, որոնցից առավել հայտնի է «Օրանժ Բիտերը»: Ողջ աշխարհում հայտնի է հոլանդական պանիրը (հատկապես Էդամմեր և Գաուդա տեսակները)։ Հայտնի են նաև հոլանդական քաղցրեղենները, ինչպես օրինակ հոլանդական թավաբլիթը, մեղրավաֆլին, ձիթագնդիկը և այլն։

Տես նաև Հոլանդիայի վերաբերյալ վերջին տուրիստական նորությունները >

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է: