«National Geographic Ռուսաստան» ամսագիրը և Ռուսաստանի աշխարհագրական ընկերությունը անցկացնում են լուսանկարչության ազգային մրցույթ` «Ռուսաստանի վայրի բնությունը»: Ֆոտոմրցույթը բացառիկ է նրանով, որ դրան կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ լուսանկարիչները, այնպես էլ` սիրողական լուսանկարիչներն ու նույնիսկ երեխաները: Աշխատանքները, որոնք տարբեր անվանակարգերով կգնահատեն ժյուրիի անդամները, կներկայացվեն երկրի տարբեր քաղաքների ֆոտոցուցահանդեսներին. հայտնում է մրցույթի կազմկոմիտեն: Լուսանկարներն ընդունվում են մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը www.nat-geo.ru կայքում:
Մրցույթի գլխավոր պահանջն այն է, որ լուսանկարները պետք է արված լինեն միայն Ռուսաստանի տարածքում: «Ռուսաստանի վայրի բնություն-2012» մրցույթի հաղթողի գլխավոր մրցանակը 300 հազար ռուբլի է, իսկ տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված լուսանկարիչներին կտրվեն հատուկ մրցանակներ: Մրցույթի բաժիններն են` բնությունը սև-սպիտակ գույներով, բնապատկերներ, ստորջրյա լուսանկարչություն, ֆոտոպատմություն, կաթնասուններ, թռչուններ, այլ կենդանիներ, մակրոլուսանկարչություն, արևածագից մինչև մայրամուտ, բուսականություն, երիտասարդ տաղանդներ: