Հայտնի է աշխարհի ամենավատ քաղաքը բնակության համար

Իրաքի մայրաքաղաք Բաղդադը ճանաչվել է աշխարհի ամենավատ քաղաքը բնակության համար՝ ըստ  Mercer միջազգային խորհրդատվական ընկերության։ Այդ տվյալները ներկայացրել է The Telegraph թերթը․ գրում է  Lenta-ն։

450 բնակավայրերից կազմված ցանկում Բաղդադին հետևում է Բանգին՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) մայրաքաղաքը։ Եռյակը եզրափակում է Յեմենի գլխավոր քաղաքը՝ Սանա։

Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսին, հինգերորդը՝ Սուդանի Խարթումին։ Թոփ-10-ում նվազման կարգով տեղ են գտել նաև Չադի Հանրապետության  Նջամենա քաղաքը, Դամասկոսը (Սիրիա), Բրազավիլը (Կոնգոյի Հանրապետություն), Կինշասան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և Գվինեայի Կոնակրին։

Mercer-ը հրապարակում է այս ցանկն արդեն 19-րդ անգամ։ Բնակավայրերը գնահատվում են 39 չափանիշներով, որոնց թվում են քաղաքական կայունությունը, հանցագործության մակարդակը, անձնական ազատության սահմանափակումը, գրաքննությունը, կրթական վիճակը, տրանսպորտը, էկոլոգիական պայմանները։

2016 թվականին վատագույն եվրոպական քաղաքը, ըստ Mercer-ի, ճանաչվել է Մինսկը։ Այս տարվա վարկանիշային աղյուսակում Բելոռուսի մայրաքաղաքը պահպանել է այդ կոչումը։

You might also like