Հայտնի են օդանավակայաններում ամենաշատը գողացվող իրերը
Հետազոտության տվյալներով՝ հարցվածների 11 տոկոսից գողացել են ինչ-որ անձնական իր մինչև ինքնաթիռի վայրէջքը։
Փորձագետները վերլուծել են օդանավակայաններում տեղի ունեցող գողությունները և կազմել ամենաշատը գողացվող իրերի ցանկը։ Այդ մասին հայտնում է Mirror-ը։
Գողերին գրավելու տեսանկյունից՝ առաջին տեղում հայտնվել են փողերը․ գրպանահատները մշտապես հետևում են ճանապարհորդներին, ովքեր գումար են հանում բանկոմատում կամ փորձում իմանալ PIN-կոդը։
Երկրորդ տեղում գտնվում են բջջային հեռախոսները, քանի որ ճանապարհորդները հաճախ են մոռանում դրանք բարի սեղանին կամ սպասասրահում։
Ամենաշատը գողացվող իրերի տասնյակում հայտնվել են նաև ակնոցները, պայուսակները, դրամապանակները, տեսախցիկները, ձեռքի ուղեբեռը, ոսկերչական զարդերը, անձնագիրն ու փաստաթղթերը, պլանշետներն ու նոութբուքերը։
Ճանապարհորդներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել իրերին և չթողնել դրանք տեսադաշտից դուրս, ինչպես նաև՝ չդնել իրերը սքանավորող սարքի վրա մինչև ձեր հերթը հասնելը, այլապես դրանք կարող են ձեզնից առաջ սքանավորում անցնել և դառնալ հարմար գողոն։