Conde Nast Traveller ամսագիրը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի, թե որ զբոսաշրջային ուղղություններն են ամենահայտնին աշխարհում: Readers’ Travel Awards-ի պատվավոր ցանկը գլխավորում է Իտալիան, որը արդեն չորրորդ տարին անընդմեջ առաջատար է մշակութային միջոցառումների, սննդի համի և զբոսաշրջիկների համար բազմազան զվարճանքների քանակով:
Ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ամերիկայի Միացյալ նահանգները, երրորդում՝ Ավստրալիան: Երկրների առաջին տասնյակում հայտնվել են նաև Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, նոր զելանդիան, Մեքսիկան և Հնդկաստանը: Երբ խոսքը վերաբերվում է ռոմանտիկ լողափնյա հանգստին, զբոսաշրջիկները ընտրում են կղզիները: Ամենահայտնին այս տարի դարձել են Մալդիվյան կղզիները: Հենց այս ուղղությունն է հավաքել ընթերցողների ամենաշատ ձայները:
Երկրորդ տեղում հայտնվել են հունական կղզիները. երրորդում՝ Սիցիլիան: Միլիոնատերերի շքեղ Սեն Բարտ կղզին զբաղեցրել է չորրորդ տեղը: Լավագույնների հնգյակը եզրափակում է Բալեարյան կղզիները: Աշխարհի ամենահայտնի քաղաքների վարկանիշային աղյուսակը բացում է Նյու Յորքը: Ըստ հարցման՝ այս քաղաքում կան շատ հաստատություններ հաճեի հանգստի համար և հրաշալի գիշերային ակումբներ: Երկրորդ տեղում հայտնվել է Փարիզը, երրորդում՝ Վենետիկը: Թոփ-10-ում են հայտնվել նաև Սիդնեյը, Ստամբուլը, Բարսելոնան, Հռոմը, Ֆլորենցիան, Քեյփթաունը և Դուբայը: