Եվրոպայում հրապարակվել է առաջին զեկույցը եվրոպական տնտեսական տարածքի մասնակից-երկրների աղմուկային աղտոտվածության վերաբերյալ: Եվրոպայում կյանքի համար ամենաաղմկոտ վայր է ճանաչվել Մալթան: Մասնագետները վերլուծել են տարբեր գործոնների ազդեցությունը երկրների աղմուկային աղտոտվածության մակարդակի վրա, ինչպես նաև՝ խնդիրները, որոնք դրա հետ կապված կարող են առաջանալ բնակիչների մոտ:
Ըստ ուսումնասիրության տվյալների՝ ճանապարհային երթևեկությունը հանդիսանում է եվրոպական երկրների աղմուկի հիմնական աղբյուրը: Դրան հետևում է երկաթուղային ճանապարհը, օդանավակայանները, արդյունաբերական օբյեկտները. հայտնում է Mignews-ը՝ հղում կատարելով Times of Malta-ին: Խնդիրների ցանկում, որոնք կարող են առաջանալ աղմուկի բարձր մակարդակից, մասնագետները անվանում են հիմնականում ռիսկերը՝ կապված քաղաքացիների առողջության հետ, սկսած՝ անքուն գիշերներից, մինչև՝ սրտի հիվանդությունները: Մասնագետները կարողացել են սահմանել աղմուկի շեմ, որի գերազանցումից հետո կարող են առաջանալ երկրի բնակիչների համար բացասական առողջական հետևանքներ: Այն հավասար է 55 դեցիբելի:
Ինչպես նշվում է զեկույցում՝ Եվրոպական միության շատ երկրներում աղմկոտ տարածքները կազմում են երկրի ընդհանուր տարածքի 50%-ը: Ոչ մեծ պետություններում, ինչպիսիք են՝ Բելգիան, Մալթան և Լյուքսեմբուրգը, հանգիստ տարածքները շատ քիչ են, իսկ չափից մեծ աղմուկով տարածքները՝ շատ: Մալթայում աղմկոտ տարածքների մասնաբաժինը կազմում է 90%, ինչն էլ նրան դարձնում է Եվրոպայի ամենաաղմկոտ երկիրը: