Ավիաընկերությունը, որը բոլորից քիչ է աղտոտում շրջակա միջավայրը, ճանաչվել է ֆիննական Finnair-ը։ Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2014 թվականի տվյալները, որոնք վերաբերվում են ածխածնի երկօքսիդի արտանետումներին, որոնք առաջանում են ինքնաթիռների վառելիքի այրման արդյունքում։ Ուորիկսկի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները ուսումնասիրել են 20 խոշոր համաշխարհային ավիափոխադրողների աշխատանքը։ Հետազոտության համառոտ արդյունքները հրապարակել է Travel + Leisure պարբերականը․ գրում է Lenta-ն։
2014 թվականին Finnair-ը գործարկել է առաջին տրանսատլանտյան չվերթը՝ Հելսինկիից Նյու Յորք, որը իրականացրել են ինքնաթիռներ, որոնք աշխատում են բացառապես բիովառելիքով։ Այն պատրաստվում է վերամշակված սննդային յուղից։
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ֆրեդերիկ Դալմանը (Frederik Dahlmann) հայտարարել է, որ այս արդյունքին Finnair-ը կարողացել է հասնել՝ շնորհիվ նրա, որ ընկերությունը շահագործում է բավականին նոր և էլոկոգիական ինքնաթիռներ։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է պորտուգալական TAP Portugal ավիափոխադրողը, երրորդը՝ ավստրալիական Virgin Australia լոուքոսթերը։
Ուսումնասիրվող ընկերություններից ամենավատ ցուցանիշ են արձանագրել American Airlines, Delta Airlines և United Airlines ավիաընկերությունները։ Հետազոտության հեղինակները նշում են, որ ներկայումս շատ քիչ ավիաընկերություններ են բացահայտում իրենց արտանետումների տվյալները։
Միևնույն ժամանակ նշվում է, որ վերջին տասը տարվա ընթացքում ավիացիոն ոլորտը ընդհանուր առմամբ չի կարողացել նվազեցնել միջավայրի աղտոտվածության մակարդակը, սակայն որոշ ընկերություններ քայլեր ձեռնարկում են այդ ուղղությամբ։