«Conde Nast Traveller» ամերիկյան տուրիստական ամսագիրը զբոսաշրջիկների կարծիքի հիման վրա կազմել է աշխարհի լավագույն զբոսաշրջային քաղաքների վարկանիշային ցուցակը: Առաջնորդ է դարձել ավստրալական Սիդնեյը: Հարցմանը մասնակցել են տարբեր երկրների զբոսաշրջիկներ, որոնց առաջարկել են գնահատել աշխարհի հայտնի քաղաքները հետևյալ չափանիշներով` բարեկամական մթնոլորտ, մշակույթ, տեսարժան վայրեր, հյուրաոցների և ռեստորանների գնային, ինչպես նաև` ծառայությունների որակական հարաբերություններ, խանութների գրավչություն:
Սիդնեյը` Նոր Հարավային Ուելս նահանգի մայրաքաղաքը, հավաքել է 85.1 միավոր, առաջ անցնելով Ֆլորենցիայից, Փարիզից և Նյու Յորքից: Ինչպես հայտարարել է Նոր Հարավային Ուելս նահանգի զբոսաշրջության նախարար Ջորջ Սոուրիսը` Սիդնեյի և իր բնակիչների համար աշխարհով մեկ ճանաչումը համարվում է մեծ գովասանք: «Մենք միշտ ուրախ ենք հյուրեր ընդունել»,- ընդգծել է Ջորջ Սոուրիսը, հիշեցնելով, որ բացի Սիդնեյի օպերայի շենքից, լեգենդար Հարբոր բրիջ կամուրջից և հեռուստաաշտարակից, քաղաքում կան թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ, ակվարիումներ, գազանանոցներ, վայրի բնության անկյուններ, ծովափեր:
«Հաճելի է զարմացնել տեղական խոհանոցով ևս, որը կազմվել է համաշխարհային ավանդական խոհանոցային հիմքի վրա,- նշել է նախարարը, -Չէ որ Ավստրալիան վաղուց արդեն դարձել է հարազատ այն մարդկանց համար, ովքեր դուրս են եկել Ասիայից, Մերձավոր Արևելքից, Եվրոպայից, Ամերիկայից և Աֆրիկայից»: Նրա խոսքերով` քաղաքը նաև համարվում է մեծամասշտաբ ֆիլմերի և երաժշտական փառատոնների անցկացման վայր: Առանձին ուշադրություն կարելի է հատկացնել նաև աբորիգենների մշակույթին, կարծում է Ջորջ Սոուրիսը:
«Ավստրալիայի բնիկները իրենց պատմություններով, երգերով, պարերով և աշխարհայացքով համարվում են մեր մշակութային ժառանգությունը,- ասել է նախարարը,-Եվ այդ մշակույթի մի մասնիկը յուրաքանչյուր ցանկացող կարող է իր հետ տանել` հուշանվերի տեսքով»: